Էստոնիայի վարչապետը չեղարկել է Ռուսաստան կատարելիք այցը
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարվել է այս գարնանը Ռուսաստան այցելելուց՝ կապված ռուս հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ այս մասին հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի քարտուղար Ուրմաս Սեավերը: Նրա խոսքով՝ Էստոնիայի հարյուրամյակի տոնակատարության կազմնակերպչական թիմը վարչապետին առաջարկել է մասնակցել Կրասնոյարսկում Էստոնիայի մշակույթի օրերի միջոցառումներին, որոնք անցկացվելու են մայիսի 16-21-ը:
«Վարչապետը մտածում էր մասնակցելու մասին, քանի որ կարևոր է համարում Էստոնիայի ծննդյան տարեդարձի տոնումն արտասահմանյան երկրներում: Նա արդեն այցելել է Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Շվեդիա և Լատվիա», - ասել է մամուլի քարտուղարն՝ ընդգծելով, որ վերջերս տեղի ունեցող միջազգային իրադարձությունների ֆոնին վարչապետն, այնուամենայնիվ, հնարավոր չի համարում իր այցը Կրասնոյարսկ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռուսական կողմին է մեղադրում Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում, և որոշում է կայացրել արտաքսել 23 ռուս դիվանագետի: