11-ամյա հնդկուհու աչքերից օրական 5-6 սատկած մրջյուն է դուրս գալիս (տեսանյութ)
Հնդկաստանի Բելթհանգադի ավանում բնակվող 11-ամյա աղջկա աչքերից 60 սատկած մրջյուն է դուրս եկել 10 օրվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, Աշվինի անունով հայտնի աղջիկն անցյալ շաբաթ սկսել է բողոքել աչքերի ցավից՝ նշելով, որ աչքի մեջ ինչ-որ բան կա: Ծնողները աչքի մեջ նայելով իսկապես մրջյուն են գտել, սակայն մեծ ուշադրություն չեն դարձրել այդ միջադեպին:
Որոշ ժամանակ անց աղջիկը կրկին ցավ է զգացել: Այս անգամ ևս մի քանի մրջյուն են դուրս բերել նրա աչքից, ինչից հետո ծնողները նրան հիվանդանոց են տարել: Զարմացած բժիշկը նշել է, որ միջատները, հավանաբար, երեխայի ականջով են մտել օրգանիզմ և ինչ-որ կերպ հասել աչքին:
Այնուամենայնիվ, նրա աչքից շարունակում են օրական 5-6 մրջյուն հանել: Տեղի բժիշկները չեն կարողանում բացատրել երևույթի պատճառն ու որևէ խորհուրդ տալ բուժման համար:
Ծնողները երեխային նույնիսկ գուշակի մոտ են տարել՝ մտածելով, որ դա ինչ-որ չար ոգու հետ կապված երևույթ է, և վերջինս նրանց ասել է որ դա «օձի անեծք» է: