Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագիրի զարգացումը. Իրանի արտգործնախարարի նախազգուշացումը Թրամփին
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են վերադառնալ միջուկային ծրագրի զարգացմանը, եթե ամերիկյան կողմը դուրս գա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից:
Հայտնի է, որ 2015թ. կնքված փաստաթղթով Արևմուտքը մասամբ չեղարկել է Իրանի դեմ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցները, ինչի դիմաց պաշտոնական Թեհրանը պարտավորվել է սառեցնել վիճահարուց միջուկային ծրագրի զարգացումը:
Այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ցանկանում է չեղարկել այդ համաձայնագիրը՝ պնդելով, որ այն իրականում չի բխում ԱՄՆ-ի շահերից ու սողանցք է թողնում Իրանի իշխանությունների համար հրթիռային ծրագիրը զարգացնելու հարցում:
«Մենք ունենք մի քանի տարբերակ, որոնք արդեն պատրաստ են: Դրանց շարքում կան նաև այնպիսինները, որոնք ենթադրում են ավելի մեծ արագությամբ միջուկային գործունեության վերսկսում»,-նախազգուշացրել է Զարիֆը:
Իրանի գլխավոր դիվանագետը նախազգուշացրել է Թրամփին, որ միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում, «նա ստիպված կլինի առերեսվել Միացյալ Նահանգների համար տհաճ հետևանքներին»: