Չինացի քաղաքական գործիչներին պատժելու են սոցցանցերում ոչ պատշաճ գրառումների համար
Չինաստանում պետաշխատողները պետք է ուշադիր լինեն այն ամեն ինչի նկատմամբ, ինչ հրապարակում են սոցցանցերում և WeChat մեսենջերում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական աղբյուրը, կարգապահական նորմերին չհամապատասխանող և պետական քաղաքականությանը հակասող ակտիվության համար գործիչները կպատժվեն:
Աղբյուրը նշում է մի շարք սկզբունքներ, որոնց պետք է հետևեն պետաշխատողները: Ինչպես սոցցանցի բոլոր օգտատերերը, քաղաքական գործիչները ևս կարող են հրապարակումներ կատարել, «լայքել», գրառումներ անել, մեկնաբանություններ անել, սակայն միշտ պետք է հավատարիմ մնան սկզբունքային քաղաքական դիրքորոշմանը:
Կեղծ կամ քաղաքական կուսակցության պաշտոնական քաղաքականությանը հակասող բովանդակություն ունեցող գրառումները չպետք է վերահրապարակվեն: Գործիչները պետք է վստահ լինեն տեղեկատվության հավաստիության հարցում, նոր այն հրապարակեն իրենց էջերում:
Նրանք չպետք է նաև գաղտնի պետական տեղեկություններ հրապարակեն կամ հաղորդագրությամբ միմյանց ուղարկեն: