Մասկը Թաիլանդում քարանձավից երեխաներին փրկած սուզորդին «մանկապիղծ» է անվանել
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Թաիլանդում քարանձավից երեխաների փրկությանը մասնակցած բրիտանացի սուզորդ Վերն Ուոնսորթին «մանկապիղծ» է անվանել այն բանից հետո, երբ վերջինս քննադատել է երիտասարդ ֆուտբոլիստներին փրկելու համար փոքր սուզանավերի ստեղծման նրա ծրագիրը: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Փրկարարն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է միլիարդատիրոջը դատի տալ:
Ուոնսորթը Twitter-ի իր էջում ավելի վաղ դեռահասներին փրկելու Մասկի ծրագիրը «փիար քայլ» է անվանել և վիրավորական խոսքեր է գրել միլիարդատիրոջ հասցեին:
Մասկը, արձագանքելով նրան, խորհուրդ է տվել «ցույց տալ դպրոցականների փրկության տեսանյութը», իսկ այնուհետև հավելել է. «Գիտես, մի անհանգստացրու քեզ տեսանյութի ցուցադրմամբ: Մենք փոքր սուզանավերից մեկը կանցկացնենք քարանձավով: Կներես, մանկապիղծ, դուք ինքդ ստիպեցիր»:
Շատերը քննադատել են Մասկին նրա խոսքերին համար, ավելի ուշ նա ջնջել է իր գրառումը:
Ավելի վաղ Էլոն Մասկն առաջարկել էր քարանձավում արգելափակված դեռահասներին օգնել փոքր սուզանավի միջոցով: Նա անձամբ ժամանել էր Թաիլանդ փորձարկումների համար և հայտնել էր, որ սուզանավը կմնա Թաիլանդում ընթացող գործողության համար, «եթե դրա անհրաժեշտությունը լինի» և ապագայում հնարավոր փրկարարական գործողությունների համար:
Հիշեցնենք, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբն իրենց մարզչի հետ մտել էր 7 կմ երկարությամբ քարանձավն ու հանկարծակի սկսված հորդառատ անձրևի հետևանքով զրկվել դուրս գալու հնարավորությունից: Հայտնի է, որ ջուրը փակել էր քարանձավի մուտքը՝ ներսում թակարդվածներին ստիպելով ավելի հեռանալ մուտքից ու պատսպարվել քարանձավի ամենախոր հատվածում: 9 օր սոված ու լիակատար մթության մեջ մնալուց հետո նրանց օգնության էին հասել բժիշկներն ու զինծառայողները: Մի քանի օր անց սկսվել էր փրկարար գործողությունը, որն իրականացվել է 3 փուլով։