Գիտնականները մոտ 2.000 փաստաթուղթ են ուսումնասիրում ցարական ընտանիքի գնդակահարության գործով (լուսանկարներ)
Գիտնականներն ուսումնասիրում են մոտ 2.000 տարատեսակ փաստաթուղթ՝ Ռուսաստանի ցարական ընտանիքի սպանության գործով, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Նա մանրամասնել է, որ գործին կցվել են իրենց ոլորտներում մեծ համբավ վայելող մասնագետներ, որոնք ուսումնասիրում են բազմաթիվ նյութեր՝ այդ թվում նաև արտասահմանյան պահոցներում պահվող ու նախկինում չուսումնասիրված փաստաթղթեր:
Պետրենկոն նշել է, որ դա արվում է Ռոմանովների ցարական ընտանիքի սպանության ու նրանց դիերի թաղման մանրամասները պարզելու, այդ թեմայի շուրջ առկա տարաձայնություններին վերջ տալու նպատակով:
Հավելենք, որ ցարական ընտանիքի գնդակահարությունը թույլատրվել էր Ազգային կոմիսարների խորհրդի և Կենտգործկոմի կողմից։ 1918թ. հուլիսի 17–ի գիշերը արդեն նախկին ռուսական կայսր Նիկոլայ 2–րդը, կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան և երեխաները, նրանց ուղեկցող բժիշկ Բոտկինն ու ևս երեք ծառայողներ գնդակահարվել են Եկատերինբուրգում գտնվող «Հատուկ նշանակության տանը»: Տասնամյակներ անց ցարական ընտանիքի բոլոր անդամները սրբադասվել են Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից։