Կապանի լեռնափրկարարական ջոկատում պլանային պարապմունքներ են անցկացվել (լուսանկարներ)
Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվել են պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով: Այս մասին տեղեկացնում են Արակարգ իրավիճակների նախարարությունից:
Վարժանքի նպատակն էր`
• կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ,
• նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,
• ստուգել ներգրավված ջոկերի պատրաստվածությունը` իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Պարապմունքն անցկացվել է երկու փուլով՝ փլուզում և թունավորում: Սցենարի համաձայն՝ ահազանգ էր ստացվել, որ Շահումյանի անվան հանքի 775 հորիզոնի թիվ 17 երակում տեղի էր ունեցել հանքի առաստաղի մասնակի փլուզում, որի հետևանքով տուժել էր հանքի աշխատակիցը:
Շնչառական Drager սարքով պաշտպանված և նույն մակնիշի գազաանալիզատորի օգնությամբ հրամանատարը ստուգել է տեղանքի մթնոլորտը, ապա ջոկին հրահանգելց մոտենալ տուժածին: Լեռնափրկարարները պնևմոսարքի միջոցով կտրել են մետաղական կառուցվածքները և փլատակներից դուրս բերել տուժածին՝ անշարժացնելով նասված վերջույթն ու նրան տեղափոխելով պատգարակի վրա:
Ըստ երկրորդ փուլի սցենարի՝ ահազանգ էր ստացվել, որ նույն տեղանքում հայտնաբերվել է հանքի աշխատակից՝ թունավորման ախտանշաներով: Պայմանական վթարի վայր հասնելուն պես լեռնափրկարար-շնչադիմակավորները տուժածին հագցրել են շնչառական սարքավորումը, չափել սրտի զարկը, ստուգել ընդհանուր վիճակը, այնուհետև պատգարակի վրա բերելով կողքի անվտանգ դիրքի՝ տեղափոխել շտապօգնության մեքենա:
Կոմբինատի բժշկական ծառայության ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն:
Պարապմունքների ավարտին մասնակիցներն ամփոփել են կատարած աշխատանքի արդյունքները՝ նշելով ճիշտ իրականացված գործողությունները, բացթողումներն ու նախանշելով թերությունների վերացման ուղիները: