Նարեկ Սարգսյանի կողմից ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ
Իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի անունը ևս մեկ հանցագործության հետ է կապվում։
Գլխավոր դատախազի խոսնակ Արևիկ Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել 31-ամյա Նարեկ Սարգսյանի կողմից Երևանում բնակվող 49-ամյա տղամարդու ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով։ Գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ քննության։
Ազգային անվտանգության ծառայությունը դեռ մանրամասներ չի հաղորդում այս քրգործի վերաբերյալ:
Գլխավոր դատախազի խոսնակը փոխանցեց, որ քրեական գործը հարուցվել է 131 հոդվածի հատկանիշներով, այն է՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մարդուն առևանգելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ նոր հանցագործության կատարման մասին ոստիկանությունը դեռ երեկ էր հաղորդել։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու անունը կապվում է նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգման ու ծեծի գործի հետ։
Ավելի վաղ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս մասին հայտնի է դարձել հետախուզական միջոցառումների արդյունքում:
Նախնական տվյալներով՝ ծեծի ենթարկված տղամարդը ցանկացել է գիշերային ակումբ բացել, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։
«Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև տուժողին տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։
Ոստիկանության հաղորդագրություն նաև նշված է, որ հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։
31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է այլ քրեական գործի շրջանակներում։