Ներառական կրթության ոլորտում արվածը գլխավորապես մնացել է թղթի վրա. քննարկում
Այսօր «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում տեղի ունեցավ «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում, որին բացման խոսքով հանդես եկան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Արման Թաթոյանն ասաց, որ ոլորտում խնդիրներ շատ կան և հաճախ ծնողները նախընտրում են չտանել երեխաներին դպրոց՝ նշելով, որ պայմաններ չկան: «Սա այն ոլորտներից է, որտեղ արվածը գլխավորապես մնացել է թղթի վրա, մենք կքննարկենք, թե ինչպես անել, որ գործնականում ավելի արդյունավետ աշխատանք իրականացվի»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը համաձայնեց, որ շատ որոշումներ իրականում թղթի վրա են մնում, քանի որ ինքներս ներառական գործընթացի առաջամարտիկ լինելու հանգամանքը հաշվի չենք առնում, փոխարենը թղթեր ենք գրում: Նա կարևորեց գերատեսչությունների միասնական աշխատելը և նշեց, որ սա միայն որոշ նախարարությունների խնդիրը չէ:
«Ներառականությունը մեծապես բոլոր ոլորտներին է առնչվում, մենք որպես հասարակություն պետք է լինենք ներառական, որ կարողանանք ներառական կրթություն ապահովել»,-ասաց նա և նշեց, որ գերատեսչությունների մյուս գործընկերը համարում է ծնողներին և ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների, այլ բոլոր ծնողներին, ովքեր պետք է վերաբերմունք փոխեն և պետք է դառնան ներառական:
«Այս երեխաները մեր հասարակությունը դարձնում են ավելի լավը, հասկանալի և մարդկային, ինչը շատ կարևոր է: Այս համագործակցությունը կարևոր է նրանով, որ բոլորս խոսում ենք միևնույն լեզվով, սա համակարգային խնդիր է և համակարգային փոփոխության կարիք կա»,-ասաց Մանե Թանդիլյանը և հավելեց, որ պետք է այնպիսի պետություն ունենանք, որտեղ հաշմանդամություն ունեցող անձիք հավասարազոր անդամներ են և ունեն նույն հնարավորությունները:
Արայիկ Հարությունյանը չհամաձայնեց, որ այս ոլորտում ոչինչ չի արվել, այլ բավականին քայլեր են արվել, թեև դրանք բավարար չեն: «Մենք այստեղ համընդհանուր ներառման անցնելու խնդիր ունենք»-ասաց նա:
Նախարարը նշեց, որ երեք մարզում արդեն անցել են համընդհանուր ներառման, և Երևանում կան բազմաթիվ անելիքներ, ու սեպտեմբերի մեկից չեն կարող անցնել համընդհանուր ներառման:
Նա ևս կարևորեց գերատեսչությունների կողմից համագործակցությունը և նշեց, որ օրինակ՝ Արմավիրի մարզում ծնողների հետ անհրաժեշտ աշխատանք չի տարվել: «Երեխաների կարիքները լիարժեք գնահատված չեն եղել, դպրոցները հարմարեցված չեն եղել, եղել է դիմադրություն հատուկ դպրոցների կողմից, և մասնագետները կասեն, որ սա կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ: Ես կածում եմ, որ իշխանությունները, նախարարությունները բավարար կամք ունեն խնդիրներին լուծումներ տալու համար»,-ասաց նա: