Իրականում ձայներս ավել են, մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ անել, արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են. Վահե Էնֆիաջյան
Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ԲՀԿ-ի կողմից առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականում ավելի շատ քվեներ է ստացել, քան արձանագրվել է և լուսանկարներ է հրապարակել:
«Իրականում ձայներս ավել են...
Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։
Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է»,-գրել է Վահե Էնֆիաջյանը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նա հայտարարել էր, թե ԲՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքում զբաղեցրել է 1-ին տեղը:
«Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին տեղում եմ Երևանի բոլոր 4 ընտրատարածքներում, որոնք ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները։
Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է և շարունակելու ենք գործել մեզ ընձեռված հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում:
Շնորհակալ եմ ինձ սատարած բոլորին, որոնց շնորհիվ արձանագրվեց այս հաղթանակը:
Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին վստահության համար:
Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, թիմակիցներին ու աջակիցներին:
Ամեն ինչ դեռ առջևում է»,- գրել էր նա: