ԱՄՆ-ում մայիսի 10-ից կբարձրանան մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ՝ հասնելով 25 տոկոսի
Վաշինգտոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով 25-ի: ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«10 ամսվա ընթացքում Չինաստանը ԱՄՆ-ին մաքսատուրք է վճարել 50 մլրդ դոլարի բարձրտեխնոլոգիական ապրանքների համար 25 տոկոսի չափով և 10 տոկոսի չափով 200 մլրդ դոլարի այլ ապրանքների համար: Այդ վճարումները մասնակիորեն բացատրում են մեր հսկայական տնտեսական հաջողությունը: Այս 10 տոկոսները բարձրացնում են մինչև 25 տոկոս», - գրել է ԱՄՆ նախագահը:
Բացի այդ, նրա խոսքով՝ ևս 325 մլրդ դոլարի չինական ապրանքներ այժմ մաքսատուրքի չեն ենթարկվում, սակայն առաջիկայում դրանց նկատմամբ նույնպես մաքսատուրք կսահմանվի: