Չինաստանում ընտանիքը սխալմամբ ողջ-ողջ հուղարկավորել է նորածնին, որին փրկել են անցորդները (տեսանյութ)
Չինաստանի Շանդուն նահանգում բնակվող ընտանիքը սխալմամբ ողջ-ողջ հուղարկավորել է նորածնին, սակայն նրան փրկել են տեղի բնակիչները, որոնք լսել են փոքրիկի՝ գետնի տակից եկող ճիչը։
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Նանբաիտա գյուղի բնակիչներն օգոստոսի 21-ին սնկեր են հավաքելիս եղել լեռներում և նկատել են նորածնի գերեզմանը։ Նրանք լսել են գետնի տակից եկող ձայնը, որը նմանացրել են շան հաչոցի։
Երբ դեպքի վայր են ժամանել նրանց ընկերները և հարազատները, վերջիններս կասկածել են, որ հողի տակ երեխա է գտնվում և սկսել են փորել հողը։
Մերկ ձեռքերով փորելով հողը՝ նրանք մեծ արկղ են դուրս բերել, որում փոքրիկ տղա էր պառկած։ Նորածնին տեղափոխել են հիվանդանոց։ Երեխան կշռել է 1,5 կգ։ Նրա մոտ սակավարյունություն և դեղնախտ է ախտորոշվել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ փոքրիկը բնածին հիվանդություն չի ունեցել։
Այժմ փոքրիկը երկու ամսական է, կշռում է 4 կգ, իսկ առողջությունը վերականգնվել է։
Երբ ոստիկանները սկսել են որոնել փոքրիկի ընտանիքին, մի տղամարդ է ներկայացել որպես նրա պապիկ և հայտնել, որ երեխան ծնվել էր թոքերի սուր բորբոքմամբ, չէր կարողանում ո՛չ ուտել, ո՛չ խմել և նրան շնչառական սարքավորման էին միացրել։
Երեխան իբրև թե մահացել է ծնվելու հաջորդ օրը, և ընտանիքը հուղարկավորել է նրան։ Ծերունու խոսքով՝ տղան զույգ երբայր ունի, որոնք առողջ են։
Ոստիկանները ստուգում են իրականացնում՝ պարզելու չինացու պատմածների իսկությունը։