Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի համար դատարանը 1.25 մլն դոլարի գրավ է սահմանել
ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի նախկին ոստիկանապետ Դերեկ Չաուվինը, որի գործողությունների հետևանքով ձերբակալության ժամանակ սպանվել է Ջորջ Ֆլոյդը, այսօր ներկայացել է դատական լսումների, որի ժամանակ դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը 1.25 մլն դոլարի չափով գրավ սահմանելու մասին:
Ինչպես հաղորդում է CNN-ը, գրավի գումարը կարող է կազմել 1 մլն դոլար, եթե այլ պայմաններ ևս կիրառվեն նրա նկատմամբ: Խոսքը օրենքին հետևելու, հետագայում ոստիկանություն ներկայանալու, անվտանգության կամ իրավապահ համակարգում չաշխատելու, զենք չկրելու, Մինեսոտայից չհեռանալու, Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ կապ չհաստատելու մասին է:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանը 8 րոպեից ավել ծնկով սեղմած է պահել սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով շնչել չկարողանալու մասին նրա բղավոցները: Կատարվածի հետևանքով տղամարդը մահացել է, ինչից հետո ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս պատժել Չաուվինին, ինչպես նաև նրա կողքին կանգնած մյուս երեք ոստիկաններին, որոնք ոչինչ չեն արել Ֆլոյդի կյանքը փրկելու համար: