Amazon ընկերության կապիտալիզացումը գերազանցել է 1.5 տրիլիոն դոլարը
Ամերիկյան Amazon ընկերության մեկ բաժնետոմսի գինն առաջին անգամ գերազանցել է 3000 դոլարը, ինչի արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացումն այժմ գերազանցում է 1.5 տրիլիոն դոլարը:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Nasdaq բորսայի տվյալները: Նշվում է, որ 1.5 տրիլիոն դոլարի կապիտալիզացման շեմը հատել էին նաև Apple-ը և Microsoft-ը, որոնց միացել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի ընկերությունը:
Ողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների առցանց վաճառք իրականացնող խոշորագույն ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Bloomberg-ի «Միլիարդատերերի ինդեքսի» համաձայն՝ Բեզոսի կարողությունը հասել է 172 մլրդ դոլարի:
Nasdaq-ի տվյալներով՝ երկուշաբթի 1 տրիլիոն դոլարի կապիտալիզացման շեմը հատել է Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը: Նշվում է, որ այս 4 տեխնոլոգիական հսկաները Facebook-ի հետ միասին այժմ գնահատվում են ավելի քան 6.4 տրիլիոն դոլար: