Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայում. աղբյուր
Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է լիբանանցի հետազոտող, լրագրող Էլայջա Մեգյերը՝ վկայակոչելով Թեհրանում իր աղբյուրները, գրում է pravda.ru-ն։
«Ռուսաստանն Իրանի հետ 1000 անօդաչու թռչող սարք գնելու պայմանագիր է կնքել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի անօդաչու թռչող սարքեր և սիմուլյատոր է մատակարարել, որոնց օգնությամբ ռուս սպաները պատրաստվել են: Առաջին անօդաչուներն արդեն օգտագործվել են Ուկրաինայում»,- գրել է Մեգյերը սոցցանցում:
Մեգյերի աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի գնումն իրանական արդյունաբերության զարգացման որակի կարևոր ցուցանիշ է. Իրանը կարողացել է արտադրել ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին է Shahid 129-ը, որոնք կարող են թռչել ավելի քան 24 ժամ:
Լրագրողի խոսքով՝ հենց դա է գրավել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի հակամարտությունում օգտագործելու համար։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը վերջին տասնամյակում քիչ ուշադրություն և ներդրումներ է հատկացրել անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությանը։ Փոխարենը նա կենտրոնացել է հիպերձայնային հրթիռների զարգացման վրա՝ այս ուղղությամբ առաջ անցնելով ԱՄՆ-ից, կարծում է լրագրողը։