Փաշինյանն, ըստ էության, ընդունելի է համարում այն ամենը, ինչ իրեն առաջարկում են․ Տաթևիկ Հայրապետյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
-Սոչիում տեղի ուենցած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը համաձայնել է «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, ռուսական տարբերակին, այն է՝ Արցախի հարցը առժամանակ հետաձգելուն: Նախ՝ դա ի՞նչ է ենթադրում, եւ երկրորդ՝ այդ մասով ադրբեջանական կողմն ի՞նչ է ասում: Նրանք, կարծես թե, հարցի ձգձգման ջատագովը չեն:
-Նախ արձանագրենք, որ Փաշինայնը հայտարարել է՝ Հայաստանը համաձայն է «խաղաղության պայմանագրի», այսպես կոչված, ռուսական տարբերակին, դեմ չէ արեւմտյան տարբերակին, ու ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած 5 կետերը։ Ուստի Փաշինյանն, ըստ էության, ընդունելի է համարում այն ամենը, ինչ իրեն առաջարկում են։ Դառնալով պայմանագրի ռուսական տարբերակին, որի բովանդակությանը ծանոթ չենք, ու միայն խոսվում է որոշ դրույթների մասին՝ կապված Արցախի հետագա կարգավիճակի, ճակատագրի հետ, ինչին նաեւ օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադարձավ, ապա ռուսական կողմն, ըստ էության, հարցի կարգավորման հետաձգման ճանապարհով է ցանկանում գնալ։ Եվ դա պարզ է, քանի որ Ռուսաստանը նպատակ ունի մնալ տարածաշրջանում, մասնավորապես՝ ռուս խաղաղապահները ցանկանում են երկարացնել իրենց մանդատն Արցախում, ու իրենց համար կարեւոր է հակամարտության գոյությունն առհասարակ։ Այսինքն՝ երբ նրանք նշում են, որ՝ եկեք կարգավիճակը երկարաձգենք, դա չի նշանակում, թե հարցը լուծվելու է՝ հօգուտ Հայաստանի։ Դա նշանակում է պահպանել եղած ստատուս-քվոն, ինչի միջոցով կարողանալու են տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ այդ տարբերակը մեր շահերից չի բխում։ Եվ դա այն պատճառով, քանի որ այս փուլում, երբ 44-օրյա պատերազմում պատվել ենք, իսկ Ադրբեջանը մաքսիմալիստական հավակնություններով է հանդես գալիս, խնդրի հանգուցալուծման ցանկացած տարբերակ մեզ համար շահավետ չի կարող լինել։ Անգամ հաղթանակ տարած ժամանակ չկարողացանք խնդրի լուծման մեզ շահավետ տարբերակ գտնել, ուր մնաց այժմ, երբ ամեն բան ավելի անհավանական է թվում, կարողանանք շահած դուրս գալ։ Ադրբեջանը, իհարկե, դեմ է Ռուսաստանի առաջարկած տարբերակին, քանզի խնդիրը փակված են համարում։ Եթե ուշադիր լինեք, այդ մասին Սոչիում օրերս տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիեւը նորից հայտարարեց։ Բայց իրողությունն այլ է, ու թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը, թե՛ այլ երկրներ շեշտում են՝ խնդիրը շարունակում է մնալ։ Ադրբեջանը դիվանագիտական դաշտում լավագույն բանին որ հասնում է, այն է, որ կարողանում է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը դուրս բերել հայտարարություններից ու տեքստերից։ Բայց այն՝ Արցախը, կա, այնտեղ շարունակում են ապրել մեր հայրենակիցները, Արցախի անվտանգությունը շարունակում են ապահովել ռուս խաղաղապահներն, ու կարգավիճակի հարցը մնում է առկախված։
-Սոչիից անմիջապես հետո Փաշինյանը Իրան մեկնեց: Իրանը Կապանում հյուպատոսարան է բացել: Թեհրանն ակնհայտորեն ակտիվանում է տարածաշրջանում: Ինչո՞ւ, ինչի՞ց է զգուշանում:
-Կարծում եմ՝ Իրանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարածաշրջանային բաղադրիչ ունի։ Իրանն առաջին հերթին անհանգստացած է Իսրայելի ներկայության աճից, ու եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք՝ ադրբեջանական քարոզչադաշտում հաճախ է շեշտվում՝ Իսրայելի ներկայությունն իր պետության ներսում բացառապես քաղաքացիական բնույթ է կրում։ Իսրայելն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականում մեծաթիվ ներդրումներ է անում, ու այդ ամենն անհանգստացնում է Իրանին։ Բացի այդ, Թեհրանը դեմ է հայ-իրանական սահմանի նկատմամբ որեւէ ոտնձգության, որովհետեւ իր համար անվտանգության առումով դա բավական կարեւոր է, ինչի մասին իրանցիները բավական բաց տեքստով են խոսում։ Կարծում եմ՝ Իրանի վախերը կամ անհանգստությունները հասկանալի են՝ պայմանավորված տարածաշրջանում Իսրայելի ներկայության աճի գործոնով։
-Խոսվում է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին: Ի՞նչ եք կարծում, իրատեսակա՞ն են այդ ժամկետները, ու ո՞ր տարբերակն ի վերջո ընդունելի կլինի:
-Ես ընդհանրապես անհեթեթ եմ համարում քննարկումը, թե «խաղաղության պայմանագրի» համար որ երկիրն է ավելի լավ տարբերակ առաջարկել, որովհետեւ այսօր լավ տարբերակ չկա։ Ինչ-որ դրույթների հարցով կան դրական կամ բացասական կողմեր, բայց, մեծ հաշվով, այսօր որեւէ մեկը չի կարող երաշխավորել «խաղաղության պայմանագրի» իրականացումը: Եթե այդքան ուժեղ լծակներ ունեն, ապա թող ստիպեն, որ Ադրբեջանն իր զորքերը մեր սուվերեն տարածքներից դուրս բերի, կանխեն հետագա ագրեսիաները։ Այսօր որեւէ երաշխավոր չկա, որ կարող է ասել՝ ես կզսպեմ Ադրբեջանին, ուստի կարծում եմ՝ այդ մասով խոսակցությունն անգամ իսկապես անհեթեթ է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։