Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը
![Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևը](https://gdb.rferl.org/D78315FA-A42C-4B04-AEA3-CAC090BB3697_w800_h450.jpg)
Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
«Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։
Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։