Լրագրողը Կատարին մեղադրել է Էկվադորի Ֆուտբոլի ազգային հավաքականի 8 խաղացողի 7,4 միլիոն դոլարով կաշառելու համար
Կատարը կաշառք է տվել Էկվադորի Ֆուտբոլի ազգային հավաքականի ութ խաղացողի, որպեսզի նրանց թիմը պարտվի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում: Նման հայտարարությամբ է հանդես եկել լրագրող և Մերձավոր Արևելքի հետազոտությունների բրիտանական կենտրոնի տարածաշրջանային ղեկավար Ամջադ Թահը, գրում է kommersant.ru-ն:
Նրա խոսքով՝ Կատարն այս խաղացողներին վճարել է 7,4 միլիոն դոլարի չափով։
«Կատարը 7,4 միլիոն դոլարով կաշառել է Էկվադորի ութ խաղացողների, որպեսզի նրանք պարտվեն 0-1 հաշվով, իսկ գոլը պետք է խփվի երկրորդ խաղակեսում: Սա հաստատել է հինգ քաջատեղյակ աղբյուր Կատարից և Էկվադորից։ Հուսով ենք, որ սա սուտ է: Հուսով ենք, որ այս տեղեկատվության տարածումը կազդի արդյունքի վրա: Աշխարհը պետք է դիմագրավի կոռուպցիային ՖԻՖԱ-ում»,- գրել է Թահը Twitter-ի իր էջում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մեկնարկային խաղում Կատարի հավաքականը կհանդիպի էկվադորի հետ։ Կատարն ու Էկվադորը A խմբում են, որտեղ ընդգրկված են նաև Նիդեռլանդներն ու Սենեգալը։ Այս երկու թիմերը կխաղան նոյեմբերի 21-ին։