Իրենց պես ոչնչություններն են ապրում «հանուն ոչնչի», իսկ իմ որդին հանուն հայրենիքի է նահատակվել․ զոհվածի մայր
Որդուս նահատակումը գուցեև այդքան ցավոտ չլիներ, եթե այսօր հայրենիքս այս վիճակում չտեսնեի, երբ ամեն օր սարսափելի ցավ եմ ապրում։ Համոզված եմ, որ դեռևս 2018-ին սրանք այս սցենարով էին եկել, որ հետագայում նման զարգացում լիներ։ Ի սկզբանե բարձրագոչ խոսելով, հետո իր խոսքերից հրաժարվելով՝ ո՞ւր բերեց-հասցրեց մեզ։ Հիմա Արցախն է, վաղը Սյունիքը կլինի, երկիրն աստիճանաբար կփոքրացնենք։ Չգիտեմ՝ այս ամենն արդյոք Փաշինյանի մտահղացո՞ւմն է, թե՞ ինչ-որ մեկի թելադրանքով է։ Ամենօրյա լուրերից խելագարվել կարելի է, սրանք վաղը կարող է բուլդոզերով Եռաբլուրն էլ հավասարեցնեն հողին։