Ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի առաջ բանակցում են, ասում է՝ ստվերային բանակցություններ են ընթանում․ եթե սա ստվերայինն է, բա իրոք ստվերայինը ո՞րն է․ Վահագն Ալեքսանյանը՝ Գեղամ Մանուկյանին
Եթե այդ բանակցությունները լինեին Մոսկվայում, ապա մեր ընդդիմադիր գործընկերներն այդ հարցերը չէին տա։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին, որը վերջինս ուղղել էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
«Հատկապես ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի, տեսախցիկների առաջ բանակցում են, ասում է՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ Ժողովրդի թիկունքում։ Եթե սա ստվերայինն է, բա իրոք սվերայինը ո՞րն է, պարո՛ն Մանուկյան։ Կարո՞ղ է 2007 թվականի հայ-թուրքական բանակցությունները։ Կարո՛ղ է, բայց դրա մասին չի խոսքը։ Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում է՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է, ու հետևաբար, եթե մասնակցում է նաև այն բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, հետևաբար՝ այս ամենը Հայաստանը շաղկապում է իրար», - ասաց Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե ինչ կարգավիճակով է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը մասնակցում այդ բանակցություններին և արդյոք հայ-թուրքականը կապված է հայ-ադրբեջանականի հետ։
Ինչպես ընդգծեց Վահագն Ալեքսանյանը, Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ երկրների պատվիրակությունների հետ և այդ հանդիպումները լինում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։
«Օրինակ եղե՞լ է, որ գաք այստեղ ու ասեք՝ Ռուբեն Ռուբինյանը,՞ որ հանդիպեց Բուլղարիայի պատվիրակությանը, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է հայ-բուլղարական հարաբերությունները կապել հայ-թուրքականին։ Կամ Շվեյցարիայի, Անգլիայի, Ֆրանսիայի․․․ Չեմ զարմանա, որ դա էլ ասեք։ Իսկ Ազգային ժողովի փոխնախագահը, այո՛, գնացել ու մասնակցում է այդ բանակցություններին, և ես այստեղ չեմ տեսնում՝ որն է խնդիրը։ Սա խորհրդարանական հանրապետություն է և խորհրդարանական հանրապետությունում կա Ազգային ժողովի փոխնախագահ, որը մասնակցում է այդ բանակցություններին։ Խնդիրն այստեղ ո՞րն է», - ասաց Ալեքսանյանը։