Մեսսին ներողություն է խնդրել ակումբակիցներից «Լորիանից» կրած պարտությունից հետո Սաուդյան Արաբիա մեկնելու համար
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել ակումբակիցներից Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի տնային խաղում «Լորիանից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո գործնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Այս մասին գրել է Skysports-ը։
Մեսսին արաբական այս երկրում զբոսաշրջության նախարարության դեսպանն է։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում ասել է․ «Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել իմ թիմակիցներից և ակումբից: Ազնվորեն, ես կարծում էի, որ խաղից հետո հանգստյան օր ենք ունենալու, ինչպես նախորդ շաբաթներին:
«Ես կազմակերպել էի այս ճամփորդությունը, որը ես արդեն չեղարկել էի: Չէի կարող նորից չեղարկել այն: Կրկնում եմ, ուզում եմ ներողություն խնդրել արածիս համար: Սպասում եմ լսելու, թե ակումբն ինչ է ուզում անել ինձ հետ»:
2-շաբաթյա որակազրկումից հետո չորեքշաբթի օրը հայտնի էր դարձել, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, քանի որ Ֆրանսիայի չեմպիոնները չեն պատրաստվում հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել: