ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն ԱՄՆ-ում նաև ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մասնակցել են Ատլանտյան խորհրդի ուղեղային կենտրոնում Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ կազմակերված պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկանում ենք Կոնջորյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից։
Մասնակիցների թվում են եղել խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Նշվում է, որ քննարկմանը մասնակցում էին նաև Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դանիել Թվինինգը, Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեփան Նիքսը, ինչպես նաեւ միջազգային հանրապետական ինստիտուտի այլ ներկայացուցիչներ:
«Պատվիրակությունը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում հանդիպել է Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավար եւ ավագ մասնագետ Յուջին Ռումերի եւ նույն ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկիի հետ։
ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և պարբերաբար կրկնվող սադրիչ գործողություններին:
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և առկա տարածաշրջանային մարտահրավերները»,- նշվում է գրառման մեջ: