Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ «շատ է աղոթել» ընտրություններում Էրդողանի հաղթանակի համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ինքը «շատ ու ուժգին» աղոթել է Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի համար, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ընտրություններում Էրդողանի հաղթանակը հսկայական թեթևացում է: Ճիշտն ասած, ես ոչ միայն ուրախացել եմ նախագահի հաղթանակի համար, այլ աղոթել եմ դրա համար, ուժգին և շատ: Եթե նա չհաղթեր, դա կլիներ ողբերգություն»,- ասել է Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով, եթե Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեր «Ջորջ Սորոսի մարդը», դա կնշանակեր դեպի Եվրոպա փախստականների միգրացիոն հոսքի ավելացում միանգամից երկու-երեք միլիոնով, ինչպես նաև կբարդացներ ռուսական նավթի տարանցումը դեպի Հունգարիա և Սերբիա:
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ հունիսի 3-ին մասնակցելու է Էրդողանի երդմնակալության արարողությանը։