«Գազպրոմը» վերսկսել է գազի մատակարարումը «Թուրքական հոսք»-ով
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերսկսել է «Թուրքական հոսք»-ով գազամատակարարումը՝ գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների ավարտից հետո, ասվում է հոլդինգի հաղորդագրության մեջ։
«Թուրքական հոսք» գազատարի պլանային տեխնիկական սպասարկման աշխատանքները, որոնք նախատեսված էին հունիսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ավարտվել են։ Գազի տեղափոխումն այսօր վերսկսվել է»,- ասվում է զեկույցում։
Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում Սև ծովով անցնող երկու խողովակաշարով։ «Կապույտ հոսք»-ը շահագործման է հանձնվել 2003 թվականի սկզբին և ունի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ նախագծային հզորություն, ընդհանուր երկարությունը 1213 կմ է։
«Թուրքական հոսք» գազատարը բաղկացած է երկու շղթայից, որոնցից մեկը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, երկրորդը՝ հարավային և հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար։ «Թուրքական հոսք»-ի ընդհանուր հզորությունը 31,5 միլիարդ խորանարդ մետր է, դրա շահագործումը սկսվել է 2020 թվականի հունվարին։