Ատլանտյան օվկիանոսում դեպի «Տիտանիկի» ավերակների վայրը սուզված և անհետացած բաթիսկաֆն օդից որոնում են ավելի քան 14,000 քառակուսի կմ տարածքի վրա
Կանադայի և ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը փնտրում է բաթիսկաֆը, որով 5 մարդ գնացել է դեպի «Տիտանիկի» բեկորները։ Մի քանի ինքնաթիռների անձնակազմեր թռչում են Ատլանտյան օվկիանոսի «Կոնեկտիկուտ նահանգի չափսերի» տարածքի վրայով՝ երկրորդ օրը շարունակելով որոնողափրկարարական աշխատանքները Նյուֆաունդլենդի ափերի մոտ։
Նահանգի տարածքը կազմում է 14,357 կմ քառակուսի։
«Շարունակելով որոնումները՝ ընդլայնում ենք մեր հնարավորությունները, որպեսզի կարողանանք որոնել ջրի տակ նույնպես», - ասել է ԱՄՆ առափնյա պահպանության հրամանատար, կոնտրադմիրալ Ջոն Մաուգերը (մեջբերում է ABC News-ը):
ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ երկուշաբթի Երևանի ժամանակով ժամը 03:43-ին (սուզման մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց) կապը բաթիսկաֆի հետ կորել է։ Բաթիսկաֆի արտադրողը նախատեսում է, որ այն արտակարգ ռեժիմով կարող է աշխատել առավելագույնը 96 ժամ։
Բաթիսկաֆում են բրիտանացի միլիարդատեր Հեմիշ Հարդինգը, OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ջրային նավատորմ Փոլ-Անրի Նարգոլեն, պակիստանյան արմատներով բրիտանացի գործարար Շահզադա Դավուդն ու նրա որդին՝ Սուլեյմանը: