Ուկրաինայում ռուս գեներալ է զոհվել
![Ուկրաինայում ռուս գեներալ է զոհվել](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-429a-08db6c1274a5_w800_h450.jpg)
Ուկրաինայում, ենթադրաբար, Զապորոժիեի շրջանում, հունիսի 12-ին զոհվել է ՌԴ ԶՈւ 35-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Գորյաչևը:
Նրան հունիսի 18-ին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկի գերեզմանոցում, սակայն այդ տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 20-ին:
Գեներալի մահվան մասին հայտնել է ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանող բլոգեր Յուրի Կոտենոկը: Նրա գրառման համաձայն, Գորյաչևը սպանվել է Զապորոժիեի մարզի Վրեմևսկի շրջանի ուղղությամբ ուկրաինական ուժերի նախաձեռնած հակագրոհի ընթացքում:
Գեներալի զոհվելու լուրը հաստատել է Մոսկվայի կողմից Զապորոժիեի մարզի ղեկավար նշանակված Վլադիմիր Ռոգովը:
«Ի դեմս Գորյաչևի, բանակը կորցրել է ամենավառ և արդյունավետ զորավարներից մեկին»,- Տելեգրամ-ալիքում գրել է Ռոգովը:
Ենթադրվում է, որ Գորյաչևն Ուկրաինայում զոհված առնվազն 10-րդ ռուսաստանցի գեներալն է: Այդ կոչումը նա համեմատաբար վերջերս էր ստացել: