Թող պատկան մարմինները ասեն՝ չգիտենք՝ որտեղ են ձեր երեխաները, ներեք մեզ, վաղնևեթ կգնամ Ադրբեջան․ անհետ կորած զինծառայողի մայր
Եթե պատկան կառույցները այլևս անկարող են գործել, թող ասեն՝ մենք չգիտենք, որտեղ են ձեր երեխաները, ներեք մեզ, ես վաղը ևեթ կգնամ Ադրբեջան, այստեղ էլ ինչի համար եմ ապրում, ո՞ւմ եմ պետք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։
«Իմ 4 տարեկան թոռն ամեն առավոտ ասում է՝ երբ ես գնում պապայի հետևից, ինչու պետք է իմ 4 տարեկյան թոռը հոգեբանի կարիք ունենա։ Կարո՞ղ են մեր բոլոր կառույցների ներկայացուցիչները կանգնել անհետ կորածների երեխաների դիմաց ու ասել՝ որտեղ են իրենց հայրերը, կարո՞ղ են։ Թող ասեն, անփութություն է եղել, որ քիմիկներին երեք ավտոբուսով տարան թուրքի բերան, թող ասեն մենք անզոր ենք, անկեղծ՝ առավոտ կգնամ Ադրբեջան։ Երեք ավտոբուսով 60 զինվորի նստեցրել են ավտոբուսն ու տարել թուրքի բերան։ Անդրանիկ Մակարյանը, Արսեն Աբգարյանը իրերց մեղքը այդ հարցում չեն ճանաչում։ Արսեն Աբգարյանին, ով այդ զորամասի հրամանատարն է եղել, այսօր նախարարությունում պաշտոն են տվել, Մակարյան Անդրանիկն ասում է՝ ես հրաման եմ կատարել, թող ասի՝ ում հրամանն է կատարել, մենք էլ նրա մոտ գնանք»,- ասաց նա։
Անահիտ Ադամյանը նշում է, որ 60 զինվորից 22-ը ողջ են մնացել, սակայն ոչինչ չեն պատմում դեպքից։
«Իրենք դասալիք են, փախել են, ինչքան էլ իրենց ծնողները ասեն, թե հրաշքով են ողջ մնացել, միևնույն է՝ իրենք դավաճան են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհետ կորածների ծնողները հանդիպելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։