Մի ցեղասպանություն եղել է, երկրորդը պետք է կանխել. Լուիս Մորենո Օկամպոն՝ Կոնգրեսում հրավիրված լսումներին
Կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Պարտադիր չէ, որ շատ մարդիկ մահանան: Կան տարբեր ձևաչափեր, թե ինչպես է կարող ցեղասպանություն լինել: Մի դեպքում կարող է զոհերի թիվը զրո լինել, այսինքն` կարելի է ստեղծել պայմաններ, որ տանում են մարդկանց ոչնչացման»,- նշել է նա։
Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի շրջափակումը հենց այդպիսի պայմաններ է ստեղծում ոչնչացման համար։
«Պետք է կանխել ԼՂ-ում ապրող 120,000 մարդկանց ցեղասպանությունը»,- ընդգծել է Օկամպոն։
«Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դառնա»,- նշել է նա նկատի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Օկամպոն ասել է, որ մի ցեղասպանություն եղել է, երկրորդը պետք է կանխել:
Փորձագետը նաև նշել է, որ չի կարելի իրական բանակցություններ վարել ցեղասպանողի և ցեղասպանվողի միջև, դրա համար նախ պետք է դադարի ցեղասպանությունը․ «Չեք կարող ներգրավվել բանակցություններում, որտեղ նախագահ Ալիևը ցեղասպանությունը որպես բանակցությունների միջոց է օգտագործում։ Եթե գնաք դրան, իմանալով, որ Ալիևն օգտագործում է ցեղասպանությունը և փորձում է հերքել այն, կնշանակի, որ ԱՄՆ-ն օգնում է ցեղասպանության հերքմանը։ Եվ կարող է մեղսակից համարվել»։