Ի տարբերություն ՀՀ իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազան
Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է Արցախից: Այս մասին Շողակաթ հեռուստաընկերության եթերում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ի տարբերություն ՀՀ իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է:
«Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի մաս է կազմում Արցախի աղետալի վիճակը և բազմաթիվ անգամներ փորձեր արվել են՝ նախ՝ կանխելու այդ աղետալի վիճակը, երկրորդ՝ հասնելու մարդկանց կարիքներին: Ոչ միայն Եկեղեցին, այլ նաև ցանկացած այլ մարդասիրական առաքելություն չէր հաջողելու որևէ աջակցություն տրամադրել, եթե այդ ուղղությամբ կենտրոնացված չեն ջանքերը և չեն ուղղորդվում ՀՀ-ի կողմից: ՀՀ իշխանությունները, դժբախտաբար, որևէ կերպ չեն ցանկանում մասնակցություն ունենալ Արցախի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-նշեց նա: Սրբազանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է բոլոր պայմանները ստեղծեն, որ ցանկության դեպքում արցախահայերը գան ու բնակվեն Հայաստանում. «Ոչ ոք չի կարող երաշխավորել Ադրբեջանի կազմում հայերի անվտանգ կեցությունը: Վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն են»: