Արցախի ԱԺ 22 պատգամավորները, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն․ Սամվել Բաբայան
Արցախի ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաև Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ Արցախի գործող ու նախկին ղեկավարները և պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ։
«Ես գիտեմ՝ այդ տեքստն ով է գրել։ Ռուսական կողմն է գրել, որ Հայաստանին կրկին մտցնի խաղի մեջ»։
Նրա խոսքով՝ վերոնշյալ անձինք մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, միևնույն ժամանակ իրեն էլ փորձել են իրենց հանցակից դարձնել։
«Այս հանցագործները պետք է պատասխան տան։ Համարեք սա հաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», - ասաց նա։