Բայրամով. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու հնարավորություն»
![Բայրամով. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու հնարավորություն»](https://gdb.rferl.org/01000000-c0a8-0242-8282-08dbd1fb47c0_w800_h450.jpg)
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հանդիպումը:
Երկու դիվանագետները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ գործընթացը, ներկա իրավիճակը և տարածաշրջանում վերջին զարգացումներն, այդ թվում Թեհրանում «3+3» հարթակի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները։
Բայրամովը նշել է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը լիովին հսկողության տակ է վերցրել իր ինքնիշխան տարածքները՝ ի հայտ է եկել կարճ ժամանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն:
Բայրամովի վստահեցմամբ, «Ղարաբաղի հայ բնակիչների համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները՝ երկրի օրենսդրության շրջանակներում ապրելու որպես Ադրբեջանի քաղաքացիներ»:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։