Էլի Քոհեն. «Չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»
![Էլի Քոհեն. «Չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»](https://gdb.rferl.org/8d1027a5-786b-41d6-861d-eb01b4ae6e7b_w800_h450.jpg)
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ հրաժարվում է հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վատթարացման կապակցությամբ:
«Ես չեմ հանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, հոկտեմբերի 7-ից հետո հավասարակշռված մոտեցման տեղ չի մնացել, ՀԱՄԱՍ-ը պետք է ջնջվի աշխարհի երեսից»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նախարարն այդ հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի իրավիճակի հարցով բաց բանավեճում:
Նա ասել է, թե պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության արմատականների վերաբերյալ երկիմաստության տեղ չկա, և ամբողջ աշխարհը պետք է ընդունի իսրայելական կողմի տեսակետը:
«Հակառակ դեպքում կազմակերպությանը սպառնում են ամենամութ ժամանակները»,- հայացքն ուղղելով նիստին ներկա Գուտերեշին, ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:
Ավելի ուշ Քոհենը ՄԱԿ-ում լրագրողներին ասել է, որ պետք է օրվա ընթացքում հանդիպեր Գուտերեշի հետ, սակայն չեղարկել է այն։
Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ՀԱՄԱՍ-ի հետ առճակատման հարցում միակ և անվերապահորեն ընդունելի ընտրությունն Իսրայելին աջակցելն է: