Մասնագիտության առումով շատ կարևոր, ուսանողների համար՝ պահանջված. լույս տեսավ Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» գիրքը
Մասնագիտության առումով շատ կարևոր, ուսանողների համար՝ պահանջված, Աշոտ Աբրահամյանի վաստակը հանրահռչակող լավագույն միջոցը նրա գիրքը հրատարակելն է:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» գրքի շնորհանդեսի բացման խոսքում ասաց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը:
Աշխատության մեջ քննության են առնված լեզվի և արտաքին իրականության, այդ իրականությունից գիտակցության շերտավորմամբ լեզվական բովանդակավորման և արտահայտման ընթացքի` նշանասերման, նշանակերտ գործունեության տարաչափ անցումների, նշանի բազմաբաղադրիչ կառուցվածքի, լեզվում նշանակյալի և նշանակչի հակադրման հարաբերականության ու կրկնակի ներդաշնակման հայեցակերպերը: Առաջին անգամ ստորակարգային միավորներն ամբողջությամբ` հնչյունից մինչև տեքստ, ներկայացված են նշանագիտական բեկումներով և իմաստավորմամբ:
«Ուրախալի է, որ թեկուզ հետմահու հնարավորություն ենք ունենալու մեր սեղանին տեսնելու արժանավոր լեզվաբանի պատրաստի գիրքը, որն, ավաղ, հեղինակը չհասցրեց հրատարակել»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը:
Գիրքը լույս է տեսել Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից: Այն նախատեսվում է լեզվաբանների, փիլիսոփաների, ասպիրանտների և մարդկային լեզվի առեղծվածով հետաքրքրվող շրջանակների համար: Խիստ օգտակար կարող է լինել լեզվանշանագիտության և լեզվափիլիսոփայության համալսարանական գիտակարգեր ուսումնասիրող ուսանողությանը:
Գրքի պատասխանատու խմբագիր, Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Դավիթ Գյուլզատյանը նշում է, որ ուրախ է, որ հասցրել է ճանաչել Աշոտ Աբրահամյանին նրա կենդանության օրոք, և, որ նա երանելի մարդ էր, երանելի ընկեր, երանելի դասախոս:
Նշենք, որ Աշոտ Աբրահամյանը եղել է ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքը ստեղծագործաբար յուրացնողը։ Լեզվական հորինվածքը քննել է արտալեզվական իրականությունից մինչև խոսքային իրացման ողջ բոլորակն ընդգրկող տրամաբանական տարածությամբ: Շնորհիվ իր ուսուցչի` Էդուարդ Աթայանի, և իր ուսմունքի՝ հայոց մտավոր արտադրանքը ներկայումս առաջնակարգ դիրք է զբաղեցնում համաշխարհային լեզվափիլիսոփայության և նշանագիտության մեջ: