Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկի մոտ և հափշտակել շուրջ 300 մլն ռուբլի
Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկի մոտ և խոշոր գումար հափշտակել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով։
Ըստ գործակալության աղբյուրի՝ նախնական տվյալներով՝ բանկի մոտակայքում հանցագործներն ավտոմեքենայով մոտեցել են շուրջ 300 մլն ռուբլի տեղափոխող աշխատակիցներին, կրակ բացել նրանց ուղղությամբ, այնուհետև հափշտակել գումարը և փախուստի դիմել։ Այս պահին իրավապահները փնտրում են նրանց։
Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը ևս հաստատեց այս տեղեկությունը, մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 19։30-ի սահմաններում Պրեսնենսկի Վալ փողոցում։ Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ անհայտ անձինք Mercedes մակնիշի ավտոմեքենայով, մոտեցել են երկու տղամարդու, ատրճանակով սպառնացել, մի քանի անգամ կրակել նրանց ուղղությամբ, ապա հափշտակել փողերով պայուսակն ու հեռացել դեպքի վայրից
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է մեկ մարդ։ Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել հանցագործների ինքնությունը։