Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև (տեսանյութ)
Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմունքներից է և նորմալ տեղեկատվական քաղաքականության:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ռուս քաղաքագետ, պատմաբան Սերգեյ Պանտելեևը՝ անդրադառնալով Սոլովյովի հաղորդումների արգելափակմանը ՀՀ տարածքում:
«Հասկանում եմ, որ այսօր ռուսական հեռուստատեսությունը կարող է իր եթերի մեջ պարունակել հայկական այնպիսի նարատիվներ, որոնք արդեն այստեղ որոշիչ չեն: Մենք չէինք ցանկանա, որ այս ամենը հասներ ռուսական ալիքներն ու հաղորդումներն արգելափակելուն: Ինչո՞ւ է դա կատարվում: Ես, հիմա գտնվելով Հայաստանում, նկատեցի ինչպես է դեգրադացիա ապրել տեղեկատվական դաշտը հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանման տեսանկյունից: Նկատում եմ, որ մի շարք հաղորդումներ են եթեր դուրս գալիս հայկական մեդիադաշտում, որտեղ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ-ում ցանկալի չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով՝ եթե հայկական մեդիադաշտում առաջ են բերում թեզեր, որոնք հակառուսական են, ապա այդ պատճառով էլ արգելափակում են ռուսական հաղորդումներն ու ալիքները:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ռիսկեր կան, որ ՀՀ-ն Ռուսաստանի համար կդառնա ոչ բարեկամական երկիր և կկրկնի Մոլդովայի սցենարը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Մոլդովայի սցենարն այստեղ անցումային տարբերակ է, սարսափելին այն է, որ արդեն այսօր քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը: Բոլոր խելամիտ ուժերը և՛ ՌԴ-ում, և՛ ՀՀ-ում պետք է դա ամեն կերպ կանխեն»։
Արդյո՞ք հնարավոր կլինի ներկա իշխանությունների հետ խուսափել այդ սցենարից։ Քաղաքագետի բնորոշմամբ, ամենակարևորն այն է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեն
«Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք ՀՀ ներկա իշխանությունները ներկայացնում են ՀՀ ազգային շահերը: Եթե ինչ-որ մեկն ունի ինչ-որ պատրանքներ արտաքին քաղաքականության կառուցման վերաբերյալ, հետապնդելով առաջնահերթություն ինտեգրվելու ինչ-որ նոր էլիտար ենթակառուցվածքների մեջ, չմտածելով սեփական ժողովրդի մասին, ապա այդ մարդիկ արդեն դադարում են ներկայացնել սեփական ժողովրդի և ազգային շահերը»,- նշեց Պանտելեևը: