Թուրքիայում քննարկում են Իսրայելի հետ պատերազմի հեռանկարը
Ներկայացնում ենք «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի կայքում հրապարակված Израильская угроза: оценки турецких экспертов հոդվածի հայերեն թարգմանությունը: Հեղինակը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) Եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է:
Նուբարա Կուլիեւա
Նախքան 2026 թ. փետրվարին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի մեկնարկը՝ 2025թ. ամռան 12-օրյա պատերազմից հետո, թուրք փորձագետները սկսեցին ակտիվորեն խոսել այն մասին, որ տարածաշրջանում Իսրայելի
հաջորդ թիրախը Թուրքիան է:
Այս թեզն ակսելի ավելի ինտենսիվ հնչել Թուրքիայի հասցեին ուղղակի սպառնալիքներ պարունակող Իսրայելի ղեկավարության հայտարարությունների ֆոնին:
Փորձագիտական-վերլուծական դիսկուրսում սկսեցին գերակշռել Իսրայելի՝ որպես տարածաշրջանային անկայունության աղբյուրի, առաջնահերթ ուղղություններով (Սիրիա եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջան) ազդեցության գոտիների համար պայքարող մրցակցի, ինչպես նաեւ Թուրքիայի համար ուղղակի սպառնալիքի բնութագրումները: Այս նարատիվը աջակցություն ստանում նաեւ պաշտոնական մակարդակով. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի վերջերս ասել էր. «Իսրայելը, հնարավոր է, Իրանից հետո Թուրքիան հայտարարի որպես նոր հակառակորդ»:
Նախկին պատգամավոր եւ արտաքին գործերի նախարարի օգնական, ներկայում STRATIM հետազոտական կենտրոնը գլխավորող Սուաթ Քընըքլըօղլուն Medyascope պարբերականի համար գրված հոդվածում նշել է.
«Իսրայելցի քաղաքական գործիչների հայտարարությունները հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել «պաշարված ամրոցի» մտածելակերպը. Իսրայելին անհրաժեշտ է մշտական արտաքին սպառնալիք՝ ներքին միասնությունը պահպանելու եւ գոյատեւելու համար: Եթե Իրանն այլեւս սպառնալիք չի ներկայացնում, ուրեմն, նոր թշնամի է հարկավոր»:
Կան փորձագետներ, որոնք Իսրայելի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ դիտարկում են որպես տարածաշրջանային կարգի վերակառուցման մեծ ծրագրի մաս։ Նման մոտեցման ամենավառ ներկայացուցիչներից է Թուրքիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, թուրքական «Երկնագույն հայրենիք» ծովային դոկտրինի հեղինակներից մեկը՝ Ջիհաթ Յայջին։ Նրա կարծիքով՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հիմնական պատճառը այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագիրը կյանքի կոչելու ցանկությունն է, որը ենթադրում է տարածաշրջանում Իսրայելի եւ ԱՄՆ-ի գերիշխանության գոտու ստեղծում՝ Իրանի եւ Թուրքիայի թուլացման հաշվին։
«Երկնագույն հայրենիք» դոկտրինի մեկ այլ գաղափարախոս՝ թուրքական ՌԾՈւ պահեստազորի փոխծովակալ Ջեմ Գյուրդենիզը, նույնպես կարծում է, որ Իրանի դեմ պատերազմը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։
Ինչպես նշում են թուրք փորձագետներ Մեթե Յարարը եւ Ալի Սայդամը, Թուրքիայի թուլացման առավել հավանական ուղիները ներքին ապակայունացումն ու երկիրը մերձավորարեւելյան մեծ հակամարտության մեջ ներքաշելն են։ Իսրայելական սպառնալիքը գնահատելիս թուրք փորձագետները նկատում են, որ Իսրայելը փորձում է աջակցել տարածաշրջանային անջատողական շարժումներին, այդ թվում՝ քրդականին։
Թուրք լրագրող Ջեմ Քյուչյուկն ասում է, որ «նույնիսկ եթե ոչ այսօր եւ ոչ մերձավորարեւելյան տարածաշրջանի համատեքստում, վաղ թե ուշ Իսրայելի եւ Թուրքիայի բախումն անխուսափելի է, քանի որ Թուրքիան հզորացնում է իր ազդեցությունը հարակից տարածաշրջանների սահմաններից դուրս, ինչն անընդունելի է Իսրայելի համար»։ Ուստի, Քյուչյուկի կարծիքով, Թուրքիան չպետք է Իրանի նման վաղաժամ որոշումներ կայացնի, այլ նախապատրաստվի այդ բախմանը։ Դրա համար Անկարան պետք է՝ նախ՝ սեփական միջուկային զենք ստեղծի, երկրորդը՝ մշակի սեփական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը եւ, երրորդը՝ կայունացնի տնտեսությունը։
Ընդհանուր առմամբ, թուրք փորձագետները թերահավատորեն են վերաբերվում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ տեւական ու ուղղակի հակամարտության հնարավորության հեռանկարներին։ Սակայն, ինչպես նշում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետախուզական վարչության նախկին պետ Գյուրսել Թոքմաքօղլուն, նույնիսկ եթե ուղղակի բախում չլինի, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ մրցակցությունը սրվելու է, եւ միջնաժամկետ հեռանկարում երկկողմ հարաբերությունները կարող են «սառը պատերազմի» տրամաբանությամբ ընթանալ:
Բավականին բարձր է գնահատվում երրորդ երկրների տարածքում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ անուղղակի բախման հավանականությունը։ Թուրք-իսրայելական հակամարտության հնարավոր հիմնական թատերաբեմերի թվում առանձնացվում են Սիրիան եւ Կիպրոսը։
Բախման «սիրիական սցենարի» զարգացման դեպքում մի շարք թուրք փորձագետներ նշում են Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների լեգիտիմացման համար Անկարայի ունեցած ռեսուրսները։ Մասնավորապես, դիտարկվում է Ահմեդ ալ-Շարայի կառավարությունից պաշտոնական հարցում ստանալու հնարավորությունը, ինչը թույլ կտա հիմնավորել միջամտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից։
Իսրայելի հետ բախման հեռանկարը Թուրքիային մղում է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եւ խթանում է միջուկային ընտրության նպատակահարմարության շուրջ բանավեճը, որը Թուրքիայում ընթանում է աճող ակտիվությամբ։ Ընդունելով Իսրայելի գերազանցությունը ռազմական տեխնոլոգիաների ոլորտում՝ Թուրքիան հակամարտության ընթացքում հույսը դնում է իր մեծ ռազմավարական խորության, ռեսուրսների առատության եւ կայունության վրա։
Եթե Թուրքիայի եւ Իսրայելի՝ դեպի բացահայտ առճակատում սահելու սցենարն իրականանա, դա զգալի հետեւանքներ կունենա Մերձավոր Արեւելքում եւ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի քաղաքականության համար։ Թուրքիայի զգալի ռեսուրսները կուղղվեն Իսրայելի զսպմանը, իսկ Ռուսաստանը, կառուցողական հարաբերություններ ունենալով հակամարտող երկու կողմերի հետ, կկարողանա հանդես գալ միջնորդի եւ խաղաղարարի դերում։
Թուրքիայում հակված են մտածելու, որ թուրք-իսրայելական դիմակայությունը կուժեղացնի պրագմատիկ փոխգործակցությունը Անկարայի եւ Մոսկվայի միջեւ։ Թուրք փորձագետները վստահություն են հայտնում, որ Ռուսաստանը չեզոքություն կպահպանի, ինչը Թուրքիան կարող է դիտարկել որպես իր նկատմամբ բարեկամական քայլ։
Թուրք-իսրայելական հակամարտության հետեւանքները կարող են ավելի բարդ լինել Ադրբեջանի համար, որը լավ հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ։ Սակայն, ինչպես ցույց էր տվել 2025թ. Սիրիայում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առճակատման սրման փորձը, Ադրբեջանը, հավանաբար, կձգտի իրեն միջնորդի դեր վերապահել։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: