Այսօրվա TACO եւ FAFO «ճամբարները» եւ Ամերիկան Թրամփից հետո
Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի հոդվածի թարգմանությունը։
Իեն Բրեմեր
Երբ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին վերադարձավ Սպիտակ տուն, նա այս կամ այն կերպ սրեց հարաբերությունները աշխարհի խոշոր երկրների կառավարությունների մեծ մասի հետ։ Մասնավորապես, թիրախավորեց Իրանը, Վենեսուելան, Կուբան, Եվրոպայի մեծ մասը, Կանադան եւ նույնիսկ Գրենլանդիան՝ կիրառելով տարբեր ճնշումներ, իսկ նրա մաքսատուրքերը գրեթե ողջ աշխարհում առաջացրեցին լարվածություն ու դժգոհություն:
Ավելի կարեւոր է այն, որ Թրամփը վերասահմանեց, թե ինչ կանի կամ չի անի համաշխարհային գերտերությունը, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում կրկին վերանայի այդ սահմանումները։ Արդյունքը՞։ Երբ խոսքը վերաբերում է Վաշինգտոնին, երկրները փորձում են ապահովագրել իրենց՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հզորության ապագան եւ այն, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ իրենց համար։
Որոշ երկրներ ավելի շատ լծակներ ունեն, քան մյուսները՝ Թրամփի ճնշման փորձերին դիմակայելու համար։ Նրա շփումները այդ երկրների հետ հաճախ հանգեցրել են այնպիսի արդյունքների, որոնք շատերը անվանում են «TACO» (Trump Always Chickens Out)՝ Թրամփը միշտ հետ է քաշվում։ Ավելի քիչ քաղաքական եւ տնտեսական ազդեցություն ունեցող երկրները ԱՄՆ նախագահի հետ հարաբերություններում ռիսկի են դիմում։ Սա էլ «FAFO» կատեգորիան՝ (F Around and Find Out)՝ խաղա կրակի հետ եւ տես հետեւանքները։
Երկու դեպքում էլ կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում՝ կարճաժամկետ հեռանկարում ամրապնդելու Միացյալ Նահանգների հետ կապերը (ապահովելով մուտքը դեպի ամերիկյան շուկա, անվտանգության երաշխիքները եւ Թրամփի բարյացակամությունը՝ քանի դեռ դրանք հասանելի են), միաժամանակ նոր առեւտրային եւ անվտանգության կապեր հաստատելով այլ երկրների հետ՝ Վաշինգտոնից երկարաժամկետ կախվածությունը նվազեցնելու համար: Անվանենք դա ռազմավարական հաջորդականություն: Եթե բավականաչափ ուժեղ ես, որ հայտնվես TACO ճամբարում, ապա ունես ընտրության տարբեր հնարավորություններ։ Բայց եթե թույլ ես եւ գտնվում ես FAFO գոտում, ապա ավելի լավ է Թրամփին տալ այնքան, որքան նա ցանկանում է եւ որքան կարող ես թույլ տալ՝ միաժամանակ կամաց-կամաց շարժվելով դեպի TACO:
Եկեք արագ հայացք գցենք աշխարհով մեկ՝ տեսնելու, թե ինչպես են տարբեր կառավարությունները կատարում իրենց ռազմավարական ընտրությունները։
Կարող ենք սկսել այն երկրներից, որոնք ամենաշատն են կախված Միացյալ Նահանգներից:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը գիտակցում է, որ անհրաժեշտ է ամրապնդել կապերը Վաշինգտոնի հետ սահմանային անվտանգության եւ թմրանյութերի կարտելների դեմ պայքարի հարցերում: Շեյնբաումը նաեւ կրճատել է Կուբային տրամադրվող օգնությունը (այս հարցը շարունակում է մնալ Թրամփի ուշադրության կենտրոնում), ինչպես նաեւ մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայով ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ:
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին անհրաժեշտ է ԱՄՆ ֆինանսական աջակցությունը՝ երկրի տնտեսությունը կայունացնելու համար։ Պանաման ամրապնդել է համագործակցությունը Վաշինգտոնի հետ՝ սահմանափակելով չինական ներդրումների ծավալները։ Հոնդուրասը, Բոլիվիան, Չիլին, Սալվադորը եւ Էկվադորը ամրապնդել են կապերը Թրամփի վարչակազմի հետ։
ԱՄՆ դաշնակիցները Արեւելյան Ասիայում եւ Պարսից ծոցում նույնպես գիտակցում են Թրամփի բարեհաճությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշումը դրական արձագանք է գտել Վաշինգտոնում, իսկ Թրամփի հետ նրա ամուր հարաբերությունները շարունակում են Ճապոնիայի համար տնտեսական եւ անվտանգության անհրաժեշտություն մնալ։ Թրամփը ակնկալում է, որ Տակաիչին կկատարի Ճապոնիայի խոստումը՝ 550 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում եւ խորացնել երկկողմ պաշտպանական համագործակցությունը։ Հարավային Կորեան եւ (հատկապես) Թայվանը բախվում են նույն իրողություններին։
Մերձավոր Արեւելքում Իրանի հետ պատերազմը Պարսից ծոցի պետությունների համար ԱՄՆ-ի հետ անվտանգության կապերը դարձրել է ավելի հրատապ կարճաժամկետ անհրաժեշտություն։ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Կատարը համաձայնություններ են ձեռք բերել Վաշինգտոնի հետ՝ խորացնելու ռազմավարական կապերը։ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հասանելիություն են ստացել ԱՄՆ առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներին: Երեք երկրներն էլ պարտավորվել են ավելի շատ ներդրումներ կատարել ԱՄՆ-ում եւ ավելի շատ ամերիկյան արտադրանք գնել:
Սակայն Լատինական Ամերիկայի, Արեւելյան Ասիայի եւ Պարսից ծոցի արաբական երկրների կողմից նախագահ Թրամփին սիրաշահելը պայմանավորված է ոչ այնքան Ամերիկայի հետ երկարաժամկետ ռազմավարական մերձեցմամբ, որքան նրա անբարյացակամության հետեւանքով առաջացող ակնհայտ եւ անմիջական վտանգներից խուսափելու անհրաժեշտությամբ։
Այս երկրների կառավարությունները քաջ գիտակցում են, որ Չինաստանի հետ առեւտրային կապերը, այլ գործընկերների հետ ռազմական համաձայնագրերը եւ ռիսկերի դիվերսիֆիկացման ռազմավարությունների այլ ձեւերը անհրաժեշտ են, որպեսզի կարողանան խուսափել Վաշինգտոնից երկարաժամկետ կախվածությունից, որը գնալով ավելի ու ավելի անվստահելի է դառնում։
Հարավամերիկյան առեւտրային բլոկը՝ Մերկոսուրը, կարեւորագույն համաձայնագիր է կնքել ԵՄ-ի հետ։ 2025 թվականին Սաուդյան Արաբիան միջուկային համաձայնագիր է ստորագրել Պակիստանի հետ՝ իրեն Վաշինգտոնի կողմից անվտանգության ոլորտում հնարավոր ապագա հնարավոր անտեսումից ապահովագրվելու նպատակով, իսկ Պարսից ծոցի երկրներն ընդլայնել են պաշտպանական եւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Ճապոնիան մեղմացնում է դաշնակից երկրներին զենքի արտահանման սահմանափակումները։
Ավելի հետաքրքիր է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բարդ վերադասավորումը։ Մոդին այն առաջնորդներից է, ով զգացել է թե՛ Թրամփի ջերմ ընդունելությունը, թե՛ նրա սառը վերաբերմունքը: Հնդկաստանը ագրեսիվորեն դիվերսիֆիկացնում է առեւտրային կապերը (օրինակ՝ այս տարվա սկզբին հայտարարված ԵՄ-ի հետ պատմական համաձայնագիրը): Սակայն այն նաեւ շարունակում է զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների՝ իր կարեւորագույն առեւտրային գործընկերոջ հետ: Փաստորեն, մինչ Հնդկաստանը աշխատում է ԱՄՆ-ի հետ նոր գործարք կնքելու ուղղությամբ, այն, հավանաբար, ընտրողաբար կբացի իր շուկաները ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի համար, ինչը Թրամփի համար մեծ ներքաղաքական հաղթանակ կլինի, ինչպես նաեւ կպարտավորվի գնել 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ:
Մյուս կողմից, ԱՄՆ-Հնդկաստան անվտանգության կապերը սառեցված են: ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կնքված տասնամյա շրջանակային համաձայնագիրը եւ Հնդկաստանի կողմից ամերիկյան ռազմական տեխնիկայի ձեռքբերումը նպաստել են երկու երկրների միջեւ համագործակցության ինստիտուցիոնալացմանը, սակայն Մոդին շարունակում է ձգտել Հնդկաստանի ռազմավարական անկախությունը: Անորոշությունը այն հարցում, թե արդյոք Վաշինգտոնը երկարաժամկետ հեռանկարում կշարունակի Հնդկաստանին առաջադեմ զենք վաճառել, ինչպես նաեւ Թրամփի եւ Մոդիի միջեւ անձնական տարաձայնությունը՝ կապված Թրամփի այն պնդման հետ, որ նա արժանի է Նոբելյան մրցանակի Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հրադադարի հաստատմանը նպաստելու համար, նվազեցրել են Դելիի վստահությունը Թրամփի մտադրությունների նկատմամբ։
Եվրոպան եւ Կանադան կոնկրետ քայլեր են ձեռնարկել FAFO-ից TACO անցնելու ուղղությամբ։ Բացի Հնդկաստանի, Մերկոսուրի եւ Ինդոնեզիայի հետ Եվրոպայի լայնածավալ առեւտրային գործարքներից, եվրոպական երկրների առաջնորդները նաեւ սկսել են ավելի լուրջ դիտարկել ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ անվտանգության երաշխիքներից իրենց կախվածության նվազեցման ուղիները՝ ավելի շատ գումար, ժամանակ եւ ուշադրություն տրամադրելով եվրոպական կոլեկտիվ պաշտպանության կառուցմանը: Դա, անշուշտ, երկարաժամկետ նախագիծ է, բայց հռետորաբանությունից դեպի ակտիվ պլանավորում անցնելը մեծ քայլ է: Որպես օրինակ կարելի է նշել Գերմանիան․ անցյալ տարի այն ժամանակավորապես մեղմացրեց իր պարտքային սահմանափակումները՝ պաշտպանության ծախսերը ավելացնելու նպատակով։ Իսկ այն փաստը, որ Եվրոպան պատրաստ էր առճակատման գնալ Թրամփի հետ Գրենլանդիան վերահսկելու նրա պահանջի հարցում, մեծացրեց լարվածությունը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ձգտումը՝ միավորելու «միջին տերությունները», որպեսզի խուսափի Վաշինգտոնից չափազանց մեծ կախվածությունից, Արեւելյան Ասիայի եւ ԵՄ-ի միջեւ նոր առեւտրային համաձայնության հասնելու նրա ջանքերը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ ռազմական գնումների ոլորտում համագործակցության ծրագրերը Կանադային էլ ավելի են հեռացնում Վաշինգտոնի ազդեցության գոտուց։
Չինաստանը, իհարկե, իր յուրահատուկ TACO-ն ունի: 2025 թվականին Թրամփը սկսեց չինական ապրանքների փաստացի բոյկոտ՝ փորձելով տնտեսապես խոցելի Պեկինին ստիպել ընդունել Միացյալ Նահանգների համար ավելի բարենպաստ առեւտրային պայմանները: Ի պատասխան Չինաստանը սահմանափակումներ մտցրեց կարեւորագույն եւ հազվագյուտ հողային մետաղների արտահանման վրա, որոնք թվային դարաշրջանի բազմաթիվ սպառողական եւ ռազմական տեխնոլոգիաների համար չափազանց կարեւոր բաղադրիչներ են։
Այդ քայլը ԱՄՆ նախագահին ստիպեց նահանջել եւ զիջումների գնալ, այդ թվում՝ Չինաստանի համար ամերիկյան արտադրության կիսահաղորդիչների եւ այլ տեխնոլոգիաների հասանելիության հարցում, որոնք Թրամփը, ինչպես նաեւ նրանից առաջ Ջո Բայդենը, ժամանակին պատրաստ էին սահմանափակել: Ի պատասխան՝ Թրամփը հասկացրել է իր վարչակազմի «առեւտրային կոշտ գծի կողմնակիցներին», որ ԱՄՆ-ը պետք է զերծ մնա Չինաստանի հետ ուղղակի առճակատումից, քանի դեռ չի մշակել այս չափազանց կարեւոր հանքանյութերի հետ կապված ռիսկերը նվազեցնող ռազմավարություն, որը տարիներ կպահանջի։
Սակայն վերը թվարկված բոլոր կառավարությունների համար կա Ամերիկայի հետ կապված մի խնդիր, որն ավելի մեծ է, քան Թրամփը։ Մեծամասնությունը գիտակցում է, որ Թրամփը միանձնյա չի ստեղծել աշխարհում ԱՄՆ-ի նոր դերի նկատմամբ աճող ներքին պահանջարկը, եւ նրանք նաեւ հասկանում են, որ չեն կարող ակնկալել, որ Ամերիկայի հետագա զարգացման ընթացքի շուրջ ներկայիս անորոշությունը կավարտվի հաջորդ նախագահի պաշտոնամուտով։
Ահա թե ինչու մյուս երկրները՝ թե՛ դաշնակիցները, թե՛ հակառակորդները, իրենց առեւտրային եւ անվտանգության քաղաքականությունը պարզապես չեն ձեւավորում այնպես, որ դիմակայեն Թրամփին։ Նրանք ապահովագրում են իրենց այն ռիսկից, որ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ը կարող է լինել անկանխատեսելի եւ ոչ այնքան վստահելի։
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: