4 փաստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչի մասին
2026թ. ապրիլի 23-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հայտնեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելությունը գլխավորելու է Յանեզ Լենարչիչը։
Ո՞վ է Յանեզ Լենարչիչը:
58-ամյա Յանեզ Լենարչիչը սլովենացի դիվանագետ է: Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Սլովենիայի վարչապետի գրասենյակի պետական քարտուղարի, Եվրոպական հարցերով պետական քարտուղարի պաշտոնները:
2008-2014թթ. Յանեզ Լենարչիչը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենն էր:
2019-2024թթ. նա Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարն էր:
Այդ պաշտոնում նա, մասնավորապես, համակարգում էր Եվրամիության պայքարը COVID-19 համավարակի դեմ:
Նախկինում ի՞նչ գնահատականներ է տվել Հայաստանի ընտրական գործընթացներին:
2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հաշվետվության մեջ նշվում էր, որ «վստահության բացակայությունը քաղաքական կուսակցությունների եւ ընտրական գործընթացներին ներգրավման նկատմամբ լուրջ խնդիր է»:
2012 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Յանեզ Լենարչիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք
այդ ուղղությամբ առաջընթաց արձանագրվե՞լ է, ասել էր.
«Թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2012թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցի հրապարակման պահից ի վեր Հայաստանի մասին ոչ մի հայտարարություն չի արել, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, վերջին հրապարակումների համաձայն, հայտարարել է, որ «հասարակությունը չի վստահում ընտրական գործընթացին»:
2013թ. փետրվարի 1-ին Յանեզ Լենարչիչը «խորը մտահոգություն» էր հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցների կապակցությամբ:
«Այս հարձակումը խորապես անհանգստացնող է` ընթացքում գտնվող քարոզարշավի տեսանկյունից, ու ես բոլոր կողմերին կոչ եմ անում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: Մենք նաեւ համապատասխան իշխանություններին կոչ ենք անում համարձակ հետաքննություն իրականացել եւ պատժել մեղավորներին», - ասել էր նա:
Ի՞նչ էր ասում Լենարչիչը 2023 թվականին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման օրերին:
2023 թվականի սեպտեմբերի 26-ին Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչն ասել էր.
«Մենք պետք է պատրաստ լինենք աջակցելու այն հազարավոր մարդկանց, ովքեր որոշեցին փախչել Լեռնային Ղարաբաղից, հատկապես հաշվի առնելով գալիք ձմեռը: ԵՄ-ն կտրուկ ընդլայնում է իր մարդասիրական օգնությունը տարածաշրջանում՝ շտապ օգնություն տրամադրելու կարիքավոր մարդկանց՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի անկլավում, այնպես էլ այժմ Հայաստան տեղահանված մարդկանց»:
Ի՞նչ էր ասել Փաշինյանը Լենարչիչին:
2023 թվականի հոկտեմբերի 6-ին Յանեզ Լենարչիչն այցելել էր Հայաստան եւ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին:
«Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան եւ նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետեւանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաեւ միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական»,- ասված էր կառավարության հաղորդագրությունում:
2024 թվականի փետրվարին Յանեզ Լենարչիչն ասել էր.
«Այս ձմեռն առաջինն է նախորդ տարվա աշնանը դեպի Հայաստան փախուստի դիմած հազարավոր Ղարաբաղի հայերի համար։ Այս դժվար ժամանակներում առավել կարիքավոր մարդկանց պաշտպանություն և օգնություն ցուցաբերելը մեր մարդասիրական պարտքն է: Այս նոր 5.5 մլն եվրո ֆինանսավորման միջոցով մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել ԵՄ ընթացիկ մարդասիրական արձագանքը Հայաստանում գտնվող տեղահանվածներին՝ ապահովելով հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություններ»։