Վազգեն Հախոյան. Նամակ Ավրորայի հերոսին
Բարևագիր` բիբլիական երկրից:
Գիշեր է: Ինչպես բարձրի ձյունը, որ արևի ջերմությունից հալվում է, բացակայությունից սառչում, ես էլ իմ հոգու անտակ խորության մեջ և հալվում եմ և սառչում…
Վաղուց երկրագունդը պտտվում է: Այդ հոգատար պտույտի մասին շատերը չեն էլ մտածում: Նրանք ապրում են, երբեմն մոռանալով, որ այդ պտույտը բարության շարժն է: Այդ աստվածային, տիեզերական բարության շնորհիվ է, որ մարդիկ շարունակում են ապրել…
Սիրելի Մարգարիտ Բարանկիցե, այս գիշեր ես չեմ կարողանում քնել: Ես ուզում եմ Ձեզ հետ խոսել` մարդու և մարդկայինի, բարության, սիրո և հավերժության մասին: Ինչու՞ են մարդիկ սպանում միմյանց: Ինչու՞ են պատերազմում մարդիկ: Ինչու՞ չեն գնահատում իրենց տրված կարճ կյանքը երկրագնդի վրա: Միթե հնարավոր չէ խաղաղ ապրել, միթե պատմությունը նրանց ոչինչ չսովորեցրեց: Ի՞նչ ենք տանելու աշխարհից և ի՞նչ ենք թողնելու: Դուք գիտեք ինչ է չարությունը, մարդասպանությունը, ցեղաասպանությունը և պայքարը կյանքի համար: Դուք ձեր աչքերով, տեսել եք այդ ամենը, գիտեք ինչ է փրկությունը և վերածնունդը…
Մենք համատեղ ցավ ունենք, սիրելի Մարգարիտ Բարանկիցե: Պատմական հանգամանքների բերումով իմ ժողովուրդը ևս դարձել է ցեղասպանության զոհ: Այդ մասին դուք գիտեք: Երբ լսում եմ ցեղասպանություն բառը առաջին հերթին հիշում եմ իմ ժողովրդին: Դպրոցական տարիներից լսած վերապրած հայերի պատմությունները մինչև հիմա գալարվում են գլխիս մեջ: Ես դրանք կամ մտապահում էի կամ գրի առնում: Այս գիշեր ես դարձյալ լսում եմ նրանց ձայները.
«…Նա պատմում էր լացելով, հիշում եմ նրա խոսքերը, խեղճ մարդ, ինչ էր տեսել…Ես հիշում եմ մորս վերքերը, նա կարսեցի էր…Պապս աչքերը սևեռում էր Արարատ լեռանը ու քարացած նայում էր սարին…դժվար էր լսել ջարդի մասին…Մայրս պատմում էր քրոջ մասին, որին թուրքերը սպանել էին, կառքից կապել ու քարշ տվել…Նա տեսել էր գլխատված երեխաների…Պատմում էր, որ թաքնված է եղել և տեսել է, որ մի աղջկա ձեռքերից կապած գցում են վառվող կրակի մեջ…Նրանք երկար ճանապարհ էին անցել դիակների միջով, շատերը արնահոսող վերքերից ու սովից մահացել էին…Մայրս կորցրել էր իր միակ զավակին, նրա ձեռքերը դողում էին…Տատս 30 կնոջ կյանք էր փրկել…Մայրս իր ողջ ոսկին տվել էր թուրք ասկյարին, որպեսզի փրկի այդ երեխաներին… Մայրս ձիու վրա նստած, զենքը ձեռքին որբ երեխաներին ուղեկցել էր Ալեքսանդրապոլ… Մորս մեջքը յոթ տեղից սվինահարել էին… Նա քանդել էր մարագի պատը և փրկվել էր կրակե բոցերից… Պապս մեծ ցավով էր խոսում Տալվորիկի մասին… Մայրս վանեցի էր…. Պապս սասունցի էր… Հորս մարմնի վրա կարելի էր հաշվել 32 սվինի հարված, նա Ալաշկերտից էր… Հայերը չեն կարող մոռանալ…»
Մի անգամ եղբայրս ասաց, որ տեսել է ինձ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցապաստառի վրա, որտեղ 1915թ. կոտորածներից փրկված հայ որբերի պատկերներ են եղել: Այդ երեխաներից մեկը իսկապես նման էր ինձ… Միթե կարելի է ժամանակը հետ տալ, ես կօգնեի նրանց: Ես պատրաստ եմ օգնել մարդկանց, ես պատրաստ եմ վեր բարձրացնել ընկածին: Սիրելի Մարգարիտ Բարանկիցե, դուք մարդ եք, ով ունի սիրտ ու հոգի, մարդ ով ապրում է և ապրեցնում, մարդ ով ունի աստվածահաճո առաքելություն:
Մարդու ամենամեծ արժանիքը` բարությունն է, սերը բարիքի հանդեպ, չկա ավելի մեծ նվիրում կյանքին: Ես շատ եմ հուզվել ձեր պատմությունը լսելուց: Ես ուրախ եմ, որ դուք ստացել եք Ավրորա մրցանակ: «Ավրորան» մեր հոգին է, մեր անկոտրում կամքը, մեր հարատև ապրելու ձգտումը: Ծիծեռնակաբերդի բարձունքից, դեպի կապույտը խոյացող սյունը, մեր աղոթքը, սահմանին կանգնած հայ զինվորը... Սա նամակ է մի մարդուց, ում հոգին ձգտում է բիբլիական Արարատի վսեմ ձյանը: Նա արդեն 100 տարի է, ինչ սպասում է պատմական արդարության` հաղթական ժամին: Երկրագունդը շարունակում է պտտվել Ձեր նմանների շնորհիվ: Ես սիրում եմ Ձեզ: Դուք հերոս եք, օազիս անապատի ավազների մեջ: Ափսո~ս չեմ կարող տեսնել Ձեր աչքերը:
Շնորհակալություն…