Պերմյակովի միակողմանի արտահանձնման դեպքում խնդիր տեսնում եմ. Շիրակի թեմի առաջնորդ
Պերմյակովի միակողմանի արտահանձնման դեպքում խնդիր տեսնում եմ. Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Բայց թերևս դա ոչ թե արտահանձնում է, այլ գուցե փոխանակում է, որից մենք տեղյակ չենք: Բայց փոխանակման դեպքում էլ ես կողմ կլինեի, որ դա լիներ համարժեք»,-ասաց Սրբազանը:
Նշենք, որ ռուսական մամուլը գրել էր, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուսական թիվ 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի ՌԴ-ում, մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, թե Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցով քննարկումները շարունակվում են:
Դիտարկմանը, թե նկատի ունի Հրաչյա Հարությունյանի հետ փոխանակումը, Սրբազանը պատասխանեց, որ ոչ: «Բնավ համարժեք չէ հենց Հրաչյա Հարությունայի հետ փոխանակումը: Այն դեպքում դժբախտ պատահար էր, իսկ սա դժբախտ պատահար չէ»,-ասաց նա, բայց դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որ դեպքում համարժեք կլիներ. «Ռուսական բանտերում մեծ թվով հայաստանցիներ կան, կարելի էր մի լուրջ թվաքանակ հայաստանցիների հետ փոխանակել»:
Ի դեպ՝ Սրբազանը նշեց, որ բացարձակ որևէ տեղեկություն մանրամասներից չունի: « Չեմ ուզում հետաքրքրվել, վախենում եմ իմանալ բաներ, որոնք իմ սրտով չեն լինի»,-ասաց նա:
Իսկ թե հերթական բողոքի ալիք կբարձրանա՞ Գյումրիում, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ չի կարծում:
Սրբազանի խոսքով՝ հենց սկզբից ինքն իր տեսակետը ասել էր, որ Պերմյակովը պետք է Հայաստանում կրի իր պատիժը. «Բայց ես շատ փոքր մարդ եմ, որ իմ ասածով լինի»,-ասաց նա:
Ի դեպ՝ Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ վստահ է, որ հանցագործությունը լիարժեք բացահայտվել է: