Plug and Play-ը մեկնարկել է իր երրորդ ծրագիրը Հայաստանում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ Plug and Play ընկերությունը Հայաստանում մեկնարկել է ստարտափների աջակցության իր երրորդ ծրագիրը 18 ստարտափի համար:
Ընտրված ստարտափներն են՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc. SafeGround Technologies, Salute AI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, Megaladata LLC, RUXEN, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V.:
Ծրագրի բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը եւ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաեւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային մենտորներ եւ ստարտափ էկոհամակարգի դերակատարներ։
«Մեր առաքելությունն է ստեղծել առավելագույնս արդյունավետ կապեր։ Հայաստանն ունի բացառիկ տեխնոլոգիական տաղանդ։ Տեղական հիմնադիրների համար մուտք ապահովելով համաշխարհային էկոհամակարգ եւ ստեղծելով կապեր բարձրակարգ միջազգային մենտորների հետ՝ մենք նրանց տալիս ենք անհրաժեշտ գործիքակազմը՝ իրենց լուծումները Երեւանից մինչեւ Սիլիկոնյան հովիտ, Մերձավոր Արեւելքի երկրներ եւ այլ շուկաներ տարածելու համար»,- նշել է Plug and Play Armenia-ի տնօրեն Սոնա Գրիգորյանը։
2024 թվականից հաջողությամբ իրականացվել է երկու ծրագիր՝ աքսելերացիոն փուլ՝ 20 ստարտափի եւ ինկուբացիոն փուլ՝ վաղ շրջանի 19 թիմի մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակներում Plug and Play-ը տարեկան մեկ ներդրում է կատարելու մասնակից ստարտափներից մեկում՝ 50,000 ԱՄՆ դոլարի չափով։ Նախորդ տարի այդ ներդրումն ուղղվել է ProdMap ընկերությանը։
Եռամսյա նախաաքսելերացիոն ծրագրի առանցքային նպատակն է հայաստանյան տեխնոլոգիական ներուժի համակցումը համաշխարհային շուկաների հետ։ Տրամադրելով միջազգային մակարդակի մենտորություն, հասանելիություն ավելի քան 50,000 ստարտափից բաղկացած գլոբալ ցանցին եւ ուղիղ կապեր Fortune 500 ընկերությունների հետ։