Добавить новость
Новости по-русски

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Քրիստինա Ազնավուրը՝ երաժշտության, էմոցիաների եւ «Հավերժ Ազնավուրի» մասին

Մայիսի 22-ին Երեւանում կկայանա Aznavour Toujours («Հավերժ Ազնավուր») համերգը՝ նվիրված Մաեստրոյի ստեղծագործական ուղուն: Համերգը նախաձեռնել է «Ազնավուր» հիմնադրամը՝ HENDERSON նորաձեւության տան հետ համագործակցությամբ։ Բեմում հանդես կգա Քրիստինա Ազնավուրը, ում կնվագակցեն մեծ շանսոնիեի հետ աշխատած երաժիշտները՝ Շառլ Ազնավուրի երկարամյա դաշնակահար, անվանի երաժիշտ Էրիկ Բերշոյի ղեկավարությամբ:

Երեւանի համար Ազնավուրի անունը քաղաքային մշակույթի անբաժան մաս է. նրա երգերն այստեղ հնչում են ամենուր, իսկ Մաեստրոյի անվան հետ կապված յուրաքանչյուր իրադարձություն ընդունվում է առանձնահատուկ ջերմությամբ։

Քրիստինա Ազնավուրի համար նա սոսկ լեգենդ չէ, այլ նախեւառաջ՝ հարազատ մարդ։ Նրանց առաջին ծանոթությունը տեղի էր ունեցել հարցազրույցի ժամանակ, որից հետո Շառլ Ազնավուրն անսպասելիորեն սուրճի էր հրավիրել Քրիստինայի ծնողներին, ովքեր սպասում էին մոտակայքում։ Քայլ, որն ավելի շատ բան է ասում նրա մասին, քան ցանկացած խոսք։

Սպասվող համերգի, Ազնավուր ընտանիքի եւ այն մասին, թե ինչու է Մաեստրոյի երաժշտությունը ժամանակից վեր մնում, Քրիստինա Ազնավուրը պատմել է Մեդիամաքսին տված հարցազրույցում։

- Մայիսին Երեւանում կկայանա Aznavour Toujours համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղուն։ Մեր քաղաքի համար այն ամենն, ինչ կապված է Մաեստրոյի անվան հետ, միշտ կարեւոր իրադարձություն է։ Իսկ ի՞նչ է նշանակում անձամբ Ձեզ համար այս ծրագիրն այստեղ ներկայացնելը։

- Մեզ համար չափազանց կարեւոր է, որ նոր համերգային ծրագրի պրեմիերան կայանալու է հենց Երեւանում։ Aznavour Toujours նախագծի գլխավոր տարբերությունն Ազնավուրին նվիրված մյուս համերգներից այն է, որ հանդիսատեսին, առաջին անգամ Հայաստանում, կներկայացվեն վիրտուալ դուետներ։ Այսինքն՝ նրանք կլսեն Շառլ Ազնավուրի իրական ձայնը, որի հետ մենք երգելու ենք։ 

Մենք ունենք նրա ձայնն օգտագործելու իրավունքը, եւ դրանով ցանկացել ենք ընդգծել Ազնավուրի ներկայությունը։ Բացի այդ, կլինեն նաեւ տեսողական ու տեխնիկական այլ լուծումներ։ Կարծում եմ՝ նրա ձայնի ուղեկցությամբ համերգը շատ հուզիչ կլինի։ Ինքս, երբ լսում եմ նրան, չեմ կարողանում զսպել արցունքներս։

Այս նախագծի երկրորդ կարեւոր տարբերությունն այն է, որ բեմում գտնվող բոլոր երաժիշտներն անձամբ աշխատել են Շառլ Ազնավուրի հետ։ Մենք փորձել ենք պահպանել նույնիսկ գործիքավորումն ու կատարելու ոճը։ Միեւնույն ժամանակ, ավելացրել ենք բոլորովին նոր տարր, քանի որ ես կին եմ եւ երգերն այլ կերպ եմ զգում ու երգում։ Մենք չէինք ցանկանում կրկնօրինակել, որովհետեւ դա հենց այն էր, ինչից Շառլ Ազնավուրը միշտ խուսափում էր։ Հիշում եմ՝ երբ միասին դիտում էինք The Voice-ի նման նախագծեր, նրան դուր չէր գալիս, երբ մասնակիցները փորձում էին կրկնօրինակել այս կամ այն կատարողի ձայնը, կատարման ձեւը։ Նա հաճախ կրկնում էր. «Կրկնօրինակը երբեք բնօրինակից լավը չի լինի»։

Հայաստանում Շառլ Ազնավուրի անվան հետ կապված բազմաթիվ համերգներ են անցկացվում, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն արտիստներին, որոնք շարունակում են արժեւորել նրա ժառանգությունն ու իրենց աշխատանքով սեր փոխանցել Մաեստրոյի հանդեպ։ Բայց նաեւ ուզում եմ խնդրել գործընկերներիս համարձակորեն սեփական տարրերը ներմուծել կատարումների մեջ։ Դա այն է, ինչ սիրում էր Շառլ Ազնավուրը։

Հուսով եմ, որ Հայաստանում ավելի լավ կզարգանա հեղինակային իրավունքների պահպանման էթիկան։ Շատերն օգտագործում են երաժշտությունը, լուսանկարները, տեսանյութերը, սրճարաններն անվանում են Ազնավուրի անունով՝ առանց ընտանիքի կամ իրավատերերի թույլտվությունը հարցնելու։ 

Արտիստի հանդեպ սերը միայն նրա երաժշտությունը կատարելը չէ, այլեւ դա հարգանքով անելն է։

- Թվում է՝ նման ժառանգության հետ աշխատելը հեշտ չէ։ Միշտ կարեւոր է գտնել հավասարակշռությունը մեկնաբանության ազատության եւ բնօրինակի պահպանման պատասխանատվության միջեւ։

 - Այո՛, ինչպես արդեն ասացի, ինչ-որ իմաստով բախտս բերել է, որ կին եմ, հնչողությունն արդեն իսկ այլ է (ժպտում է - խմբ)։ Մի նրբություն էլ կա. ինձ թվում է՝ Ազնավուրի երգելու ինտենսիվությանը ոչ ոք չի կարող հասնել։ Կարելի է փորձել վերարտադրել ոճը, հնչերանգը, բայց նրա հայացքի խաղը, յուրաքանչյուր երգն ապրելու կարողությունն անկրկնելի են։ Ես նույնպես ապրում եմ դրանք, բայց, իհարկե, իմ ձեւով։

Ի դեպ, եթե խոսենք Ազնավուրի երգերի մասին, ամենադժվարն այդ նուրբ սահմանը պահելն է, երբ դու արդեն ամբողջությամբ ստեղծագործության մեջ ես, լեցուն էմոցիաներով, բայց, միեւնույն ժամանակ, պետք է տիրապետես իրավիճակին ու կարողանաս առաջ գնալ։ Լիարժեք մտնես մի երգի մեջ, իսկ հետո կարողանաս ընկղմվել բոլորովին այլ երանգներ ունեցող մեկ այլ ստեղծագործության մեջ։

Ես չեմ կարող ապրել նրա էմոցիաներն այնպես, ինչպես ինքն էր անում, որովհետեւ կին եմ։ Մենք այլ ընկալում ունենք, այլ կերպ ենք տեսնում, լսում, մեր ձայնն այլ կերպ է հնչում։ Եվ, վերադառնալով Շառլ Ազնավուրի խոսքերին, կրկնօրինակելը պարզապես իմաստ չունի։

- Ձեզ բախտ էր վիճակվել հարցազրույց վերցնել նրանից։ Ինչպիսի՞ն էին առաջին տպավորությունները։ Ի՞նչ էիք զգում։

- Պատասխանեմ որպես լրագրող՝ ամենահետաքրքիրը տեղի էր ունեցել հարցազրույցից հետո։ Բուն զրույցը հիանալի էր։ Գիտեք, որ բոլորս Շառլ Ազնավուրին ընկալում ենք որպես մեր ընտանիքի անդամ, եւ ողջ զրույցի ընթացքում այդ զգացողությունն ինձ չէր լքում։ Ես, իհարկե, նախապես կարդացել էի նրա բոլոր գրքերը, նա լեգենդ էր ինձ համար։ Զրույցը զարմանալիորեն պարզ ու ջերմ ստացվեց։ Նա ինձ ընդունեց հայրական ջերմությամբ։ Այդ մարդկային անմիջականությունը զգացվում էր ամեն ինչում։ Բայց ամենաանսպասելին տեղի ունեցավ հետո։

Մենք հարցազրույցը ձայնագրում էինք Պրովանսի նրա տանը։ Այդ վայրը մի փոքր կտրված է աշխարհից։ Այնտեղ հնարավոր չէ հասնել ոտքով, միայն մեքենայով։ Այնպես ստացվեց, որ այդ շրջանում ծնողներս Ֆրանսիայում էին եւ ինձ մեքենայով տեղ հասցրին։ Հարցազրույցից հետո Ազնավուրը դուրս եկավ ինձ մինչեւ մեքենան ճանապարհելու։ Հարցրեց. «Իսկ որտե՞ղ է քո մեքենան»։ Ես էլ շփոթված պատասխանեցի, որ մեքենայով չեմ։

- Բա ինչպե՞ս ես եկել։
- Ծնողներս են բերել։ 
- Որտե՞ղ են նրանք։ 
- Զբոսնում են,- ասում եմ ես, իսկ շուրջն անտառ է։

Ու հանկարծ նա անցավ հայերենի ու ասաց. «Ամոթ է, զանգի՛ր՝ թող գան, գոնե մի բաժակ սուրճ խմեն»։ Կարող եք պատկերացնել իմ շոկը։ Զանգում եմ մայրիկիս. «Որտե՞ղ եք։ Ազնավուրը ձեզ սուրճի է հրավիրում»։ Մայրիկս շփոթմունքի մեջ է ընկնում. «Ախր նույնիսկ մազերս հարդարված չեն»։ Պատասխանում եմ. «Հնարավոր է՝ կյանքում նման առիթ էլ չլինի, եկե՛ք»։

Նրանք եկան։ Մայրիկս չկարողացավ ոչ մի բառ ասել։ Իսկ երբ արդեն հեռանում էինք, խոստովանեց. «Այնքան էի շփոթվել, որ նույնիսկ չլուսանկարվեցի»։
Այո՛, հարցազրույցը հիանալի էր։ Բայց ինձ շատ ավելի տպավորեց նրա մարդկային վերաբերմունքը. նա պարզապես բացեց մեր առջեւ իր տան դռները։ Սա շատ բան է ասում նրա բնավորության ու մարդկայնության մասին։ Շառլ Ազնավուրը երբեք չէր մոռանում իր արմատները, չէր մոռանում, թե ինչ դժվարությունների միջով է անցել իր ընտանիքը։ Նա հաճախ էր պատմում, թե որքան դժվար էր իր ծնողների համար, ինչպես էին կիսում հացի վերջին կտորը, բայց, միեւնույն ժամանակ, տանը միշտ սեր էր տիրում։

Ինձ թվում է՝ հենց այս արժեքները, որոնք սերմանել են ծնողները, եւ ամրապնդել է կյանքը, կերտել են նրան։ Թեեւ, իհարկե, հենց բնությունը նրան ստեղծել էր անչափ զգայուն եւ իսկապես մեծ մարդ: 

- Շառլ Ազնավուրի հետ Ձեր հարցազրույցում Դուք նկարագրում էիք նրա տան ընտանեկան լուսանկարներն ու այն ջերմությունը, որ դրանք հաղորդում էին։ Այն ժամանակ Դուք նայում էիք այդ ամենին որպես լրագրող՝ կողքից։ Այսօր արդեն Դուք այդ պատմության մի մասնիկն եք։ Ինչպե՞ս եք զգում Ձեզ որպես ընտանիքի անդամ։

- Ինձ բազմիցս հարցրել են՝ ի՞նչ է նշանակում լինել Շառլ Ազնավուրի հարսը։ Եվ ամեն անգամ ուզում եմ հարցին հարցով պատասխանել. իսկ ի՞նչ է նշանակում լինել որեւէ մեկի հարսն առհասարակ։ Ըստ էության, դա նույն պատմությունն է։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք փաստը, որ խոսքը Շառլ Ազնավուրի մասին է, ես պարզապես հայտնվել եմ շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում։ Ֆրանսիայում, օրինակ, ընդունված չէ սկեսրայրին «հայրիկ» անվանել, իսկ մեզ համար դա բնական է։ Եվ այդ անցումն այնքան բնական էր, որ ես նույնիսկ դժվարանում եմ դա բացատրել։ Հարցազրույցներում հազվադեպ եմ խոսում այդ մասին, բայց առօրյա կյանքում նրա մասին միշտ խոսում եմ որպես հայրիկի մասին։

Ազնավուրը հենց սկզբից ինձ վերաբերվում էր ասես դստերը՝ դեռ այն առաջին հարցազրույցի ժամանակ: Հետո ես սկսեցի աշխատել նրա հետ՝ ռուսալեզու երկրներում նրա մամուլի քարտուղարն էի։ Մեր հարաբերություններն աստիճանաբար փոխվեցին։ Միասին ճամփորդում էինք, աշխատում, նախաճաշում։ 

Հիշում եմ՝ նա հաճախ էր կատակում իմ ու Ռաշիդի՝ Կատյայի (Շառլ Ազնավուրի դուստրը – խմբ.) ամուսնու հետ։ Մի ֆրանսիական արտահայտություն կա, որի իմաստն այն է, որ կան նկարի մասեր, որոնք ի սկզբանե գոյություն ունեն, եւ մասեր, որոնք ավելանում են հետո եւ ամբողջացնում պատկերը։ Նա ինձ ու Ռաշիդին ասում էր. «Դուք այն մասնիկներն եք, որոնք լրացրին մեր նկարը»։

Այդ պատճառով ես ինձ զգում եմ այնպես, ինչպես կզգար ցանկացած կին ամուսնու ջերմ ընտանիքում, որտեղ իրեն սիրում եւ ընդունում են։

Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը պատասխանատվությունն է. այն կար հենց սկզբից։ Արդեն իսկ հարցազրույցի գնալը պատասխանատվություն էր։ Իսկ երբ դառնում ես ընտանիքի անդամ, այդ զգացողությունը ոչ թե պարզապես կրկնապատկվում է, այլ՝ բազմապատկվում։ Որովհետեւ դու պատասխանատու ես արդեն ոչ միայն քեզ, այլեւ նրա գործի, նրա անվան համար։ Որքան էլ տարօրինակ հնչի, ես երկար ժամանակ չէի վերցնում Ազնավուր ազգանունը, քանի որ համարում էի, որ դրան պետք է արժանի դառնալ։

Այս հավասարակշռությունը պահելը հեշտ չէ։ Պետք է համարձակություն ունենալ սեփական ուղով գնալու՝ միեւնույն ժամանակ դա անելով այն մակարդակով, որն արժանի կլինի Ազնավուր ազգանվանը: 

- Ինչպիսի՞ն էր Շառլ Ազնավուրն առօրյա կյանքում՝ բեմից ու լեգենդի կերպարից դուրս։ Ինչպիսի՞ն էր նա կենցաղում, եւ նրա ո՞ր գծերն են ամենամեծ ազդեցությունն ունեցել Ձեզ վրա։

- Ազնավուրը երբեք չէր դատում մարդկանց ու չէր տալիս խորհուրդներ, եթե նրան այդ մասին չէին խնդրում: Ի դեպ, ինքս էլ եմ այս հատկությունը փոխառել նրանից: Սովորել եմ նաեւ, որ նպատակին պետք է ձգտել եւ հասնել, նույնիսկ եթե բոլորն ասում են՝ «ոչ, չի ստացվի»: Սովորել եմ չվախենալ սխալներից, որովհետեւ բոլորս էլ մարդ ենք: 

Նրան միշտ աշխատելիս եմ հիշում։ Արթնանում էր, մենք նախաճաշում էինք, եւ անմիջապես անցնում էր աշխատանքի՝ գրելու, գործերով զբաղվելու։ Միեւնույն ժամանակ, շատ էր սիրում տանը ջերմ ընտանեկան հավաքույթներ կազմակերպել։ Կարող էր մանղալի վրա սմբուկ պատրաստել կամ այլ համեղ բան: Հանդիպում էր ընկերներին, ժամանակ անցկացնում մտերիմների շրջապատում։ Նրա համար շատ կարեւոր էր անձնական, առերես շփումը։ 

Երեկոյան միշտ հետեւում էր լուրերին կամ կարող էր ֆիլմ դիտել։ Կարծում եմ՝ ընթացիկ իրադարձությունները նրա համար կարեւոր էին տարբեր պատճառներով։ Հնարավոր է՝ ոգեշնչման աղբյուր էին։ Առհասարակ, նա սիրում էր ժամանակակից ամեն ինչը։ Չնայած տարիքին՝ աշխատում էր iPad-ով, բաց էր ամեն նորի եւ փոփոխությունների համար։

Ինձ թվում է՝ նրա ողջ կյանքի ուղին խոսում է ամենակարեւորի մասին՝ միշտ առաջ շարժվել, դուրս գալ «հարմարավետության գոտուց»։ Սա ինձ առանձնահատուկ հիացնում էր։

- Այսօր Դուք գլխավորում եք «Ազնավուր» հիմնադրամը։ Կպատմե՞ք դրա գործունեության մասին։ Աշխատանքային ո՞ր ուղղություններն ու նախագծերն են այսօր Ձեզ համար հատկապես կարեւոր։

- Հավանաբար պետք է սկսել նրանից, որ «Ազնավուր» հիմնադրամը շարունակեց այն բարեգործական գործունեությունը, որը դեռ ինքը՝ Շառլ Ազնավուրն էր սկսել 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք հույս ունեինք, որ կկարողանանք առավել կենտրոնանալ մշակութային նախագծերի վրա՝ միեւնույն ժամանակ շարունակելով աջակցել գյումրեցի այն ընտանիքներին, որոնք, ցավոք, նույնիսկ այսքան տարի անց դեռեւս բախվում են լուրջ դժվարությունների։

Այժմ հստակ թվեր չեմ նշի, սակայն ամեն տարի մենք օգնում էինք ընտանիքներ վերաբնակեցնել։ Սակայն իրականությունը շատ ավելի բարդ էր, քան պատկերացնում էինք։ Սկսվեց կորոնավիրուսի համավարակը, այնուհետեւ՝ 2020թ. պատերազմը, եւ ստիպված եղանք լայնածավալ մարդասիրական գործունեության անցնել։

Պատերազմի ժամանակ մեզ հսկայական աջակցություն էր ցուցաբերել Ֆրանսիան՝ հինգ ինքնաթիռ տրամադրելով մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Դա իսկապես անգնահատելի էր։ Մեզ հաջողվեց համախմբել այլ հիմնադրամների եւ համատեղ ուժերով մեծածավալ օգնություն հասցնել։ Կարողացանք առաջին անհրաժեշտության միջոցներով ապահովել Արցախից մոտ 50 հազար մարդու. դա հսկայական աշխատանք էր։

Մեր օգնության հավաքագրման կենտրոններն աշխատում էին Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում։ Հիմնադրամի երեւանյան գլխամասային գրասենյակը փաստացիորեն վերածվել էր մարդասիրական կենտրոնի. թե՛ պատերազմի, թե՛ քովիդի ժամանակ աշխատանքի մեծ մասը հենց այնտեղից էր համակարգվում։ 

Իհարկե, այս ամենն ուղղակիորեն ազդեց մեր նախնական ծրագրերի վրա, քանի որ ի սկզբանե մենք պատրաստվում էինք «Ազնավուր կենտրոնի» բացմանը. դա մեծ մշակութային նախագիծ է, որը ներառում է թանգարան եւ կրթամշակութային կենտրոն։ Նախագծի մշակումը սկսվել էր դեռ Շառլ Ազնավուրի կյանքի օրոք, եւ նա անձամբ էր մասնակցում այդ գործին. աշխատում էր ցուցադրության վրա, ձայնագրում աուդիոգիդը, որը պետք է ուղեկցեր այցելուներին։

Սակայն ավելի ուշ պարզվեց, որ նախագծի իրականացման համար պետության կողմից նվիրաբերված շենքը ոչ պիտանի վիճակում է։ Մենք չէինք կարող դա նախապես կանխատեսել։ Այդ պահին արդեն լուրջ միջոցներ էին ներդրվել, ներգրավվել էր ֆրանսիական ճարտարապետական բյուրո, պատրաստվել էր նախագիծը, աշխատանքի մեծ ծավալ էր իրականացվել։ Եվ միայն տեխնիկական փորձաքննության փուլում պարզ դարձավ, որ շենքի վիճակը թույլ չի տալիս շարունակել նախագիծը։

Անկեղծ ասեմ՝ մեզ համար սա մեծ ողբերգություն է։ Մարդիկ սպասում են այս նախագծին։ Մենք պատասխանատվություն ենք զգում հանրության, Շառլ Ազնավուրի հիշատակի եւ ընտանիքի մյուս անդամների առջեւ, որոնք մեզ փոխանցել են նրա անձնական իրերն ապագա թանգարանի համար։

Նախագծի իրականացման գործում մեզ աջակցում է անհատ նվիրատու, որը նույնիսկ հայ չէ եւ այս բոլոր տարիներին ըմբռնումով սպասում է հարցի լուծմանը։ Այժմ մեզ համար կարեւոր փուլ է: Այս հարցով նորից դիմել ենք Հայաստանի պետական կառույցներին, եւ ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս տարի պետությունը կօգնի ելք գտնել։

- Միակ բառը, որը մտքիս է գալիս Ազնավուրի երաժշտությունը նկարագրելիս, կախարդանքն է։ Նրա երգերի ներքո սիրահարվել են, երազել, տխրել ու կյանքի կարեւոր պահերն ապրել մեր ծնողները, մենք ինքներս եւ, համոզված եմ, դեռ կապրեն մեր երեխաները։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նրա երաժշտությունը շարունակում արդիական մնալ։ Եվ ի՞նչ կցանկանայիք, որ հանդիսատեսն իր հետ տաներ մայիսի 22-ին Երեւանում կայանալիք համերգից հետո։

- Եթե թույլ տաք, սկսեմ վերջից։ Ուզում եմ, որ համերգի ժամանակ յուրաքանչյուր մարդ ապրի սեփական էմոցիաները, հենց իր զգացմունքները՝ անկախ նրանից, թե ես ինչ եմ դնում կատարման մեջ։ Ամեն ինչ կախված է մարդու կյանքի ուղուց, անցած փորձից, ուրախությունից, ցավից, իրադարձություններից, կորուստներից, նույնիսկ՝ ներքին տրավմաներից։

Մի անձնական դիտարկում ունեմ, որի հետ, հնարավոր է, ոչ բոլորը համաձայնեն։ Կարծում եմ, որ պատմական այն փորձությունները, որոնց միջով անցել է մեր ազգը, մեզ դարձրել են առանձնահատուկ զգայուն։ Այն դժվարությունները, որոնք կրել են բազում ընտանիքներ, պատերազմները, զրկանքները, այն տարիները, երբ օրական երկու ժամ լույսն արդեն տոն էր թվում. այս ամենը մեզ սովորեցրել է ավելի լավ զգալ դիմացինի ցավը։ Մենք դարձել ենք ավելի էմպատիկ, ունակ զգալու այն, ինչ ապրում է ուրիշը։ Հենց սա էր Շառլ Ազնավուրի բնավորության կարեւորագույն գծերից մեկը։

Ես աշխատում եմ նրա տեքստերի հետ եւ ինձ համար ցավալի է, որ շատերը չեն հասկանում նրա խոսքերի ողջ ուժը։ Այո՛, նրա երաժշտությունը շատ գեղեցիկ է, բայց Ազնավուրի պոեզիայի ուժը պարզապես ցնցող է։ Նա կարողանում էր ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, նայել աշխարհին նրանց աչքերով։ Քիչ հայտնի մի երգ կա, որը ես շատ եմ սիրում՝ «Ասեղը» (L'Aiguille): Դա մի ծնողի պատմություն է, որի զավակը մահանում է թմրամոլության պատճառով։ Իրավիճակում, որում շատերը միայն քննադատում են, նա նախեւառաջ տեսնում է մարդկային ողբերգությունը: Կարծես ասում է՝ նկատեք ոչ միայն սխալ ճանապարհով գնացող մարդու, այլեւ՝ երեխային, որն ապրում է ներսում, որն ունի ծնող: Նրան պետք է ոչ թե քննադատել, այլ հասկանալ ու փորձել փրկել։ Ազնավուրը նմանատիպ շատ երգեր ունի։ Նա միշտ դառնում էր միայնակների, թշվառների, չհասկացվածների ձայնը:  

Ինչ վերաբերում է հայաստանյան համերգին, այն հիմնականում լինելու է ֆրանսերեն, քանի որ հասկանում եմ՝ հանրությունը ցանկանում է լսել իրական Ազնավուրին՝ նրա հնչողությունը։ Սակայն ինձ համար շատ կարեւոր է ոչ միայն կատարել երգերը, այլեւ օգնել մարդկանց զգալ եւ հասկանալ դրանց իմաստը։ Ուստի ես ոչ միայն երգելու եմ, այլեւ՝ պատմելու պատմություններ, բացահայտելով Շառլ Ազնավուրի այն կողմերը, որոնք շատերը, հնարավոր է, դեռ չգիտեն։

Ինչո՞ւ է նրա երաժշտությունն ապրում սերնդեսերունդ։ Որովհետեւ այն գրված է հավերժականի մասին։ Կյանքի տարբեր փուլերում մարդը բացահայտում է Ազնավուրի տարբեր երգեր։ Տասնութ տարեկանում ձեզ հոգեհարազատ են որոշ երգեր, քսանհինգում՝ ուրիշ, ավելի ուշ՝ բոլորովին այլ։ Դա նման է կինոյի, որտեղ կյանքի սյուժեն փոխվում է, բայց երաժշտությունը մնում է եւ ստեղծում անհրաժեշտ մթնոլորտը տվյալ «կադրի» համար։

Կարծում եմ՝ համերգից հետո հանդիսատեսը կհեռանա այնպիսի էմոցիաներով, որոնք կծնվեն հենց իր ապրած կյանքի պրիզմայի ներքո։

Aznavour Toujours համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատերազմի հետեւանքով այրիացած կանանց տնտեսական աջակցության ծրագրին»։

Համերգի հիմնադիր-գործընկեր՝ Henderson Fashion Group:

Գլխավոր գործընկեր՝ Sirius Capital:

Աջակից գործընկերներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Veolia ընկերություն:

Յանա Շախրամանյան

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media









103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России



Топ 10 новостей последнего часа



Rss.plus


Новости России







Rss.plus
Moscow.media


103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости




Спорт в России и мире



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России