Գորիկ Հակոբյան. Հաքերային հարձակումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից
Հաքերային հարձակումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից:
Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը` դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում:
Նրա խոսքով, համատարած կոմպյուտերիզացիայի պայմաններում ԱԱԾ գործունեության առաջնահերթություններից է դարձել պետական ապարատի տեղեկատվական համակարգերի անխափան գործունեության ապահովումը չարտոնված ներթափանցումներից, կամ, ինչպես ընդունված է ասել, հաքերային հարձակումներից: ՙԱրդեն սովորական է դարձել, որ արձանագրված հարձակումների զգալի մասը կատարվում է Ադրբեջանի, իսկ որոշ մասը` Թուրքիայի տարածքից: Մենք պատրաստ էինք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վտանգներն ու սպառնալիքները կտրուկ աճելու են: Բայց, ի պատիվ Կառավարական կապի և տեղեկատվության վարչության, ինչպես նաև Հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, պետք է նշել, որ միջազգային պահանջներին համապատասխան կատարվող համալիր միջոցառումների արդյունքում համացանցային տիրույթում ոչ մի վնասակար գործողություն իր նպատակին չհասավ, իսկ ընթացիկ տարում խափանվեց ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն հաքերային հարձակում, որից շուրջ 500 հազարը` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակահատվածում, կանխվեց պետական մարմինների համացանցային համակարգ վիրուսային, վնասաբեր ծրագրերի ներդրման մոտ 115 փորձ՚.- հայտարարել է Հակոբյանը: