«Հայկական վերածնունդ». Ազատ և թափանցիկ ընտրությունների համար Հայաստանը պետք է ցուցաբերի քաղաքական կամք
Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունից, այս մասին մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիիի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը:
Պատգամավորը նշել է նաև, որ «Հայկական վերածնունդը» խստորեն դատապարտել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումներն ու կեղծարարությունները: «Թափանցիկ և դեմոկրատական ընտրական գործընթացների ապահովման համար նոր ընտրական օրենսգրքում պետք է ներառվեն դրույթներ, որոնք իրավական խոչընդոտներ կդառնան կեղծարարությունների համար, ինչպես 2016 թվականի տեղական ինքնակառավարման, այնպես էլ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում»,-նշել է Շահգելդյանը: Նա նաև տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի հարցում ընդդիմադիր ուժերը համագործակցում են:
Խոսելով ազատ և թափանցիկ ընտրական գործընթացների մասին, հայ պատգամավորը նշել է, որ այդ չափանիշներն ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամք: