Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027 մրցույթն ընդունում է հայտեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում են՝ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։
Հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարող եք նաեւ ծանոթանալ մրցույթի պայմաններին եւ պահանջներին։ Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Փառատոնի նպատակն է խթանել դպրոցահասակ երիտասարդների հետաքրքրությունը գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի կարողությունները, ինչպես նաեւ աջակցել նորարարական նախագծերի իրականացմանն ու դրանց արդյունավետ ներկայացմանը։
Փառատոնին մասնակցելու համար անհատ մասնակիցները կամ հետազոտական խմբերը (մինչեւ 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, 2026 թվականի ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջարկված գիտահետազոտական նախագիծը եւ դրա արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում։
Ներկայացված նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի արդյունքում կսահմանվեն մրցանակային տեղերը, ինչպես նաեւ կընտրվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը։
Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ գրելով assf@hesc.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը եւ նամակի նպատակը։