Աղետի և պայքարի պատմություններ. ինչպե՞ս պահպանել մշակութը, հիշողությունը և ազատ Արցախ վերադառնալու հավատը. քննարկում են արցախցի կանայք
«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպել էր «Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղետի և պայքարի պատմություններ» թեմայով պանելային քննարկում։
Պանելային քննարկման ժամանակ բանախոսել են լրագրողներ Ծովինար Բարխուդարյանը, Աննա Մանգասարյանը, Ալվինա Աղաբաբյանը, Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի երիտասարդության և մշակույթի հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը, ԱՀ և ՀՀ նախկին պետական ծառայող, ներկայում՝ քաղաքացիական ակտիվիստ Արեգա Հովսեփյանը։
Միջոցառման մասնակիցները խոսել են շրջափակման, պատերազմի և բռնի տեղահանություն ժամանակաշրջանի դժվարությունների, կանանց կողմից դրանք վերապրելու և հաղթահարելու պատմությունների մասին։
Անդրադարձել են Հայաստանի և Արցախի, ինչպես նաև արցախցիների ներկայիս հիմնախնդիրներին և դրանց լուծման միջոցներին՝ հատուկ ընդգծելով կանանց դերի նշանակությունը։
Մինչ պանելային քննարկման մեկնարկը Tert.am-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ՝ նման միջոցառումների կարևորության մասին:
«Առիթ է ևս մեկ անգամ ամենազգայուն տեսանկյունից, ամենաներառական և կնոջ տեսանկյունից անդրադառնալ այն աղետին, որը եղել է 2023թ-ին: Անդրադառնալ, որպեսզի վեր հանենք նաև այն առաջադրանքները, որ ունենք այս փուլում՝ պահպանել հիշողությունը, պահպանել մշակույթը և պահպանել հավատը Ազատ Արցախ վերադառնալու համար: Մենք հարուստ ենք մեր քաղաքակրթական պատմությամբ և արժեքներով, եթե մենք կորցնենք մեր արմատները, իսկ մեր ամենախորը և հաստ արմատն Արցախում է, եթե մենք բարբառից սկսած մինչև մշակույթ ու մինչև վերադարձի հույս չենք պահպանում, ապա մենք ինքներս զրկում ենք մեզ մեր արժեքներից: Մենք հիմա չունենք հողը, բայց ունենք այն ժողովուրդը, ով շենացրել է այդ հողը ու ստեղծել պետությունը»,- ընդգծեց Վարդանյանը: