Իսրայելը խոստացել է քայլեր ձեռնարկել ընդդեմ Թուրքիայի և վնասել թուրքական տնտեսությանը
Իսրայելը խոստացել է քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ մեղադրելով նրան երկու երկրի միջև առևտրային գործարքները խախտելու համար այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է Գազայի հատվածում պատերազմի պատճառով Իսրայելի նկատմամբ առևտրային սահմանափակումների մասին: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Թուրքիան միակողմանիորեն խախտում է Իսրայելի հետ առևտրային համաձայնագրերը, և Իսրայելը դրա դեմ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ որոշման համար։
«Էրդողանը հերթական անգամ զոհաբերում է Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահերը՝ աջակցելու համար Գազայում ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին, որոնք բռնաբարել, սպանել և պղծել են կանանց, աղջիկների, մեծահասակների, ողջ-ողջ այրել են երեխաների մարմինները»,- գրել է նա X-ի գրառման մեջ։
«Իսրայելը չի ենթարկվի բռնություններին ու շորթմանը, թույլ չի տա առևտրային համաձայնագրերի միակողմանի խախտումը և զուգահեռ քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, որոնք կվնասեն թուրքական տնտեսությանը», - հավելել է նա։
Իսրայելն այժմ պատրաստում է «արտադրանքի ընդլայնված ցուցակ», որում ներառված ապրանքները մտադիր է այլևս չներմուծել Թուրքիայից, ասել է նախարարությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Թուրքիան որոշել է սահմանափակել որոշակի ապրանքների արտահանումն Իսրայել՝ սկսած 2024 թվականի ապրիլի 9-ից։ Նշվում է, որ որոշման պահանջներն անմիջապես կիրականացվեն նախարարության կողմից։
Առևտրի նախարարության՝ Իսրայել արտահանումը սահմանափակելու որոշումը վերաբերում է ապրանքների 54 խմբի՝ կցամասերից մինչև պողպատ, մարմարից մինչև կերամիկա և տարբեր քիմիական նյութեր։ Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը Գազայի հատվածում անհապաղ զինադադար չի հայտարարել և թույլ չի տվել բավարար և անխափան մարդասիրական օգնության մուտքը: