Ամերիկացիների կեսից ավելին հավանության չի արժանացնում Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ. հարցում
Ամերիկացիների կեսից ավելին հավանության չի արժանացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ipsos հետազոտական ծառայության հետ համատեղ անցկացրած հարցման տվյալները Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո:
Գործակալության տվյալներով՝ հարցման մասնակիցների 55 տոկոսը բացասական պատասխան է տվել հարցին, թե արդյոք հավանության է արժանացնում Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը, իսկ 37 տոկոսն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հավանություն հայտնածների 71 տոկոսը հանրապետականներ են եղել, 14 տոկոսը՝ դեմոկրատներ:
Reuters-ը նշում է, որ Հելսինկիում գագաթնաժողովին Թրամփի ելույթը չի ազդել նրա վարկանիշի վրա: Հարցման մասնակիցների 42 տոկոսն, ընդհանուր առմամբ, հավանություն է տալիս նախագահի աշխատանքին:
Հարցման մասնակիցները նաև գնահատել են իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Նրանց 38 տոկոսը համաձայնել է պնդման հետ, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի թշնամին է, մոտ նույնչափ մասնակիցներ նշել են, որ ՌԴ-ն մրցակից է, և միայն 8 տոկոսն է Ռուսաստանին բարեկամ անվանել:
Հարցմանը մասնակցել է մոտ 1 հազար մարդ: