Ոչ թե ես անձամբ պետք է ունենամ քաղաքապետի թեկնածու, այլ քաղաքական ուժը պետք է ունենա, կան թեկնածուներ, որոնց անունները շրջանառվում են մամուլում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ներդրումներին, ասաց, որ տեղյակ է՝ կա «փայ մտնելու», «նալոգ դնելու» տարածված մտահոգություններ: «Մենք երկու խնդիր ենք դնում: Ուզում ենք, որ դուք, կոպիտ ասած, փող աշխատեք, բայց մեր շահն այն է, որ դուք ստեղծեք աշխատատեղեր և ստեղծեք հարկեր, ուրիշ պարտավորություն չունեք»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիներին ոգևորեցին, և նրանք հավատացին, որ իրենց դիրքորոշումն է վճռական գործոնը քաղաքական փոփոխության համար, այնպես էլ ցանկանում են բիզնեսմեններին, գործարարներին ոգևորել, որ իրենք իրենց ինքնադրսևորման համար նոր հնարավորություններ տեսնեն: «Մենք համոզված ենք, որ այդ հարթակը ստեղծելու ենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե անձամբ հորդորել է Տարոն Մարգարյանին հրաժարական ներկայացնել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չի հորդորել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի իր թեկնածուին, նա ասաց. «Ոչ թե ես անձամբ պետք է ունենամ թեկնածու, այլ քաղաքական ուժը պետք է ունենա, տարբեր ֆորմատներով այդ հարցը քննարկվում է, կան թեկնածուներ, որոնց անունները շրջանառվում են մամուլում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերին մասնակցում է, մասնակցում է քննարկումներին «Ելք» դաշինքի շրջանակում: «Եթե չգիտեք այդ նիստերի մասին, դա չի նշանակում, որ նիստեր տեղի չեն ունենում: Ինչքան ժամանակ անցնի, այնքան էյֆորիան մեծանալու է»,-ասաց նա: