Եվրոպան դեռևս չափազանց կախված է Չինաստանից․ Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Գերմանիայում կիսահաղորդիչների նոր գործարանի կառուցումը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեքշաբթի օրը ողջունել է Գերմանիայի Infineon ընկերության կողմից կիսահաղորդիչ արտադրող նոր գործարանի կառուցումը, որը հիմնաքարային է չիպերի զանգվածային արտադրության մեջ, քանի որ Եվրոպան փորձում է տեղ գրավել ռազմավարական արդյունաբերության ավելի մեծ հատվածում: Այս մասին գրել է Reuters-ը։
Ելույթ ունենալով գերմանական Դրեզդեն քաղաքում Infineon-ի գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ՝ ֆոն դեր Լայենն ասել է, որ դա քայլ է Եվրոպայի նպատակի համար՝ կրկնապատկելու իր մասնաբաժինը չիպերի համաշխարհային արտադրության մեջ՝ այն հասցնելով 20%-ի մինչև 2030 թվականն ու քառապատկելով ներկայիս կարողությունը:
Բայց նա նախազգուշացրել է, որ Եվրոպան դեռևս չափազանց կախված է հումքի առանձին մատակարարներից՝ մասնավորապես նշելով, որ Չինաստանը ունի 76% մասնաբաժին սիլիցիումի մետաղների արտադրության մեջ, որոնք անհրաժեշտ են չիպերի արտադրության համար:
Եվրամիությունը ցանկանում է ոտք մեկնել Ասիային և Միացյալ Նահանգների հետ ու նվազեցնել իր կախվածությունը Ասիայից՝ Թայբեյի և Պեկինի միջև լարվածության աճի պահին:
Անցյալ ամիս Եվրոպական Միությունը համաձայնեցրել էր չիպերի՝ 43 միլիարդ եվրոյի սուբսիդավորման ծրագիր՝ փորձելով ապահովել կարևոր բաղադրիչների մատակարարումներն այն բանից հետո, երբ COVID-19-ի սահմանափակումներն առաջացրել էին դեֆիցիտներ՝ վնաս հասցնելով ամեն ինչի՝ հեռախոսների արտադրությունից մինչև մեքենաներ ու սառնարանների արտադրություն:
«Մենք բոլորս զգում ենք, թե ինչպես են կտրուկ աճել աշխարհաքաղաքական ռիսկերը: Ահա թե ինչու է կենսականորեն անհրաժեշտ, որ մենք Եվրոպայում ամրապնդենք մեր ամենակարևոր ապրանքների և տեխնոլոգիաների մատակարարման շղթաները», - ասել է ֆոն դեր Լայենն իր ելույթում:
«Սա նաև նշանակում է ընդլայնել մեր դիրքերը, երբ խոսքը վերաբերում է չիպերին և ունենալ ավելի շատ սեփական կարողություն: Կիսահաղորդիչների համար, որոնք այդքան կարևոր են, մեզ անհրաժեշտ է ավելի մեծ զանգվածային արտադրություն այստեղ՝ Եվրոպայում»:
Գերմանական Infineon-ն ակնկալում է, որ 5 մլրդ եվրո արժողությամբ կիսահաղորդչային գործարանում արտադրությունը, որը ընկերության պատմության մեջ ամենամեծ ներդրումն է, կսկսի 2026 թվականին:
Այլ չիպեր արտադրողներ նույնպես ներկայումս ներդրումներ են կատարում Գերմանիայում: Ամերիկյան Wolfspeed խումբը գործարան է կառուցում Զաարլանդում՝ ներդնելով 2,75 մլրդ եվրո: Intel-ն էլ իր հերթին խոշոր գործարան է կառուցում Մագդեբուրգում։